Վերնիսաժի գործը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Վերնիսաժ»-ի գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդությամբ էր հանդես եկել Գոռ Առաքելյանի պաշտպանը` Երեմ Սարգսյանը, ըստ որի պետք է իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակվի:

Մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը այս նիստում անհիմն համարեց Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ նշելով, որ այն ենթակա է մերժման: Ըստ դատախազի՝ արարքը գործելիս Գոռ Առաքելյանը չի գտնվել հոգեկան շատ ծանր վիճակում և դա վկայող որևէ փաստ առկա չէ:

Երեմ Սարգսյանը, մի կետ ևս ավելացրեց իր նախորդ դատական նիստին բերված միջնորդությանը: Ըստ որի՝ դատարանը պետք է հարցում ուղարկեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական կենտրոն ՓԲ ընկերություն, պարզելու համար համապատասխան փորձաքննությունները անցկացվել են մասնագետների թե փորձագետի կողմից: Որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը,2014 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ և բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաև պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար և երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաև Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով հուլիսին կալանավորվել է նաև Վալերի Հովհաննիսյանը:

Խորհրդակցական սենյակից դուրս գալով դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը:

Տիգրանուհի Հարությունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել