Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված փողերի լվացման համար

ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն` հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է`
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Այն դեպքերում, երբ նախատեսված արարքը, կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ըստ մեջբերված հոդվածի` խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Նշված հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում այն գույքը , որը ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում:

Գույք է համարվում ` ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել