«Կա մարդ, կա հոգեբանություն». Ա. Մեհրաբյան

Չորրորդ կուրսում, չունենալով ընտրության լայն հնարավորություն, ընտրեց այն, որով զբաղվել էլ երկար տարիներ։ Միաժամանակ չդադարելով ինքնակրթվել, վերապատրաստվել՝ հարստացնելով մասնագիտական հմտությունները նաև հոգեբանության այլ ոլորտներում։ Իրավաբան.net-ը իրավական հոգեբանության դերի, նշանակության, աշխատանքային գործիքներ հանդիսացող մատնահետքերի, ձեռագրերի, քայլվածքի և այլնի մասին զրուցել է իրավաբանական հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ։

-Պարոն Մեհրաբյան, որքանո՞վ եք կարևորում իրավական հոգեբանության դերը հանցագործությունների բացահայտման գործում։

– Իրավաբանական հոգեբանությունը հանցագործությունների բացահայտման գործում ունի 50-60 տոկոսով այդ գործընթացին նպաստելու հնարավորություն: Այդ թվում և′ գործընթացի արագացում, և′ հանցագործության բացահայտում: Սակայն, կա մի այսպիսի նրբություն՝ բացահայտման գործընթաց առանց որևէ հիմքի՝ մատերիայի, գիտությունն անզոր է: Պետք է լինի հիմք, ըստ որի արդեն կարելի է թեստերի միջոցով, մատնահետքերով որոշակի արդյունք գրանցել։

-Դուք նշեցիք թեստեր, մատնահետքեր, շարունակելով այս շարքը, կնշեք, թե որոնք են իրավական հոգեբանի «աշխատանքային գործիքները»։

– Ընդհանրապես հոգեբանության բոլոր մեթոդներն ու մեթոդիկաները գրեթե հիմնականում օգտագործվում է նաև իրավական հոգեբանության մեջ։ Սկսած զրույցի մեթոդից, դիտման մեթոդը, թեստավորմանը և այլն։ Ցանկացած բնագավառում, որտեղ կա մարդ, այնտեղ գոյություն ունի բնավորությունը, խառնվածքը, գործելաոճը, վարքը, հույզը, որոնք պետք է ուսումնասիրել, տեսնել դրանց կապը իրենց կատարած գործողության, գործունեության հետ։

-Անցում կատարենք վերջերս մեծ հնչեղություն ստացած Ավետիսյանների սպանության ողբերգական դեպքին։ Որպես իրավական հոգեբան, կմեկնաբանե՞ք Պերմյակովի վարքագիծը, հատկապես դեպքի վայրում ուշաթափությունը։

– Մանրամասնորեն չեմ ուսումնասիրել նրա ուշաթափության դեպքը։ Ծանոթ եմ այնքանով, որքանով, որ լուսաբանվել է հեռուստատեսությունով և համացանցով։ Ըստ իս՝ նա մտավոր հետամնաց է կամ ինչ–որ օլիգոֆրեմ։ Նրա մոտ ամեն ինչ նորմալ չէ, իսկ այս պարագայում նա ունակ է հանցագործություններ կատարելու։ Նա միգուցե չի համարում, որ ինքը հանցագործություն է կատարել։ Կան հոգեբանական էպիզոդներ, որոնց ժամանակ մարդիկ սպանելուց հաճույք են ստանում. նրանց մոտ ուղեղի աշխատանքը նորմալ չէ։ Այստեղ կար պաթոլիոգական, օրգանական խնդիրներ, քան հոգեբանական։ Դրանք շատ հաճախ զուգակցվում են։

– Իրավական հարցերին լուծումներ տալու համար օգտագործվում է հոգեբանական գիտելիքներ։ Որքանո՞վ է այս մեխանիզմը կիրառելի մեզանում, և կհիշե՞ք դեպք, երբ իրավական հարցն իր լուծումը ստացավ հոգեբանական մեթոդների միջոցով։

– Հիմնականում դա օգտագործվում է ժեստերի լեզուն կամ ստի բացահայտման դեպքերում նույն դետեկտոր կոչվածը, որը ալիքների, իմպուլսների միջոցով է բացահայտում։ Մարդն ունի միկրոէլեմենտներ, որոնք արտահայտված են դեմքի մկաններին, և միմիկաների միջոցով ակնհայտորեն կարել է որոշակի տեղեկատվություն ստանալ։ Հայաստանում քիչ է օգտագործվում։ Շատ հաճախ այլ երկրների մաքսատներում, օդանավակայաններում նստած են լինում մասնագետներ, ովքեր «կարդում են մարդկանց»։ Գոնե առաջին հայացքից ակնհայտ բաները բացահայտվում են։ Քանի որ հնարավոր չէ ողջ ամբոխին անցկացնել դետեկտորի միջոցով, ուստի կան մասնագետներ, որ ուղղակի հայացքով հասկանում են, և ինչ-որ վտանգի դեպքում անմիջապես կանխարգելում:

– Ո՞րն է առաջնային իրավական հոգեբանի համար։

– Ինչպես բոլոր հոգեբանների, այնպես էլ իրավական հոգեբանի համար առաջնայինը վերլուծական մտածողությունն է։

– Վերջին շրջանում մեծացել են ընտանեկան բռնությունները։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

– Այդ թիվը չի աճել, որքանով որ եղել է, այնքանով էլ կա։ Միգուցե աճել է դրանց լուսաբանման թիվը։ Ընտանեկան բռնությունները միշտ էլ եղել են։ Այստեղ փոխվել է մոտեցումը, որովհետև միգուցե դարեր շարունակ հայկական ավանդական ընտանիքներում ծեծը համարվել է սիրելու նշան, դե ոչ բոլորի մոտ։ Մեզ շատ հայտնի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում ասում է. «Զա՛րկ, չես սիրում ինձ, եթե չես խփում»։ Դրա համար այստեղ մենթալիտենտի խնդիր կա։ Երբ որ ինձ մոտ գալիս են տարբեր տարիքային խմբերի ընտանիքներ, այնպես չի, որ ավելի երիտասարդ ընտանիքներում ավելի շատ է բռնությունը։ Հիմա մարդիկ ունեն ազատ ընտրելու հնարավորություն։ Եվ եթե մի ժամանակ ամուսնացած–բաժանված լինելուց խուսափում էին, դիմանում էին բռնությանը, հիմա չեն ընդունում և վերջ։ Դրա համար բռնությունների թիվը ոչ թե շատացել է, այլ ավելի շատ է բարձրաձայնվում։

– Իրավական հոգեբանի դիտանկյունից՝ ի՞նչն է հանցավոր արատ ծնողը։

– Ընդհանրապես երեք գործոններ կան մարդու զարգացման, ձևավորման գործում՝ գենետիկա, դաստիարակություն և շրջակա միջավայր։ Երեքն էլ ունեն մեծ նշանակություն, չնայած գենետիկան համեմատաբար ավելի քիչ, սակայն, շատերը մեծ նշանակություն են տալիս։ Այն վերաբերում է խառնվածքային գծերին, ավելի շատ կարևորում եմ դաստիարակությունը և շրջակա մրջավայրը։ Նույն վատ միջավայր ընկնելը ևս սխալ դաստիարակության, սխալ մոտեցման արդյունք է։ Ճիշտ ուղղորդվելու դեպքում, նա չի գնա այդ քայլերին։

– Կշարունակեք նախադասությունը. «Իրավական ոլորտն առանց իրավական հոգեբանության…»։

– Որոշակի առումով կլինի թերի։ Ուղղակի այդ իրավական ոլորտը մինչև հոգեբանության գիտություն դառնալը եղել է նաև առանց այդ հոգեբանության։ Բայց, բնականաբար, մեծ աճ է ապրել, որպես այդպիսին իրավական հոգեբանությունը սկսել է դառնալ գիտություն և զբաղվել նույն հանցագործների, դատավորների, դատախազների, դատապաշտպանների և այլնի հոգեբանությամբ և ուսումնասիրել նրանց կապը մեղադրյալի, պաշտպանյալի, կասկածյալի հետ։

– Պարոն Մեհրաբյան, կհիշեք, թե ինչպե՞ս եղավ Ձեր մուտքն իրավական հոգեբանության ոլորտ, և ինչո՞ւ հենց իրավական, չէ՞ որ հոգեբանությունն ունի իր կիրառման բազմաթիվ բնագավառները։

– Ի սկզբանե ինձ հետաքրքրել է հոգեբանությունը, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ուղեղն, իր ֆունկցիաները և այլն։ Արդյունքում ընտրեցի հոգեբանի մասնագիտությունը։ Իսկ զուտ այդպիսին մասնագիտական առումով, դա եղել է 4-րդ կուրսում, երբ կար հոգեբանության երկու ճյուղ՝ իրավաբանական և ռազմական։ Չկար այլընտրանք, որ ես ընտրեի ինչ-որ մեկը։

– Երկար տարիներ է, որ հոգեբանության ոլորտում եք, իսկ ո՞վ է եղել Ձեր հոգեբանը։

– Որպես անձնական հոգեբան՝ սուպերվայզեռ, շատ են եղել, բայց ոչ Հայաստանից։ Եթե կարելի է այսպես անվանել՝ հոգևոր հայր, համարում եմ Ահարոն Բեկին։ Մի անգամ առիթ հանդիսացել է նրա հետ կարճ շփում ունենալու համար։ Լավագույնը հոգեբանության պատմության մեջ համարում եմ իրեն։

-Եթե ունենայիք հնարավորություն ամեն ինչ 0–ից սկսելու համար, ինչպե՞ս կվարվեիք։

– Կվարվեի այնպես, ինչպես վարվել եմ մինչ հիմա՝ ընտրելով իրավական հոգեբանի մասնագիտությունը։

Հարցազրույցը՝ Տիգրանուհի Հարությունյանի
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել