Անարդյունավետ ծախսեր. Վերահսկիչ պալատի դիտարկումներն ու ԿԳՆ ՊՈԱԿ-ի պատասխանը

Հայաստանի կրթական ցանցի սպասարկման և ցանցային սարքավորումների պահպանման համար պետական բյուջեից 2013 և 2014 թվականներին հատկացվել է 757 միլիոն 114 հազար դրամ, և 766 միլիոն 376 հազար դրամ: Այս գումարները, ըստ Վերահսկիչ պալատի (ՎՊ) վերլուծության, ոչ այնքան էլ արդյունավետ են ծախսվել:

ԿԳՆ Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից բյուջետային ֆինանսավորման հայտով Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) սպասարկման համար անհրաժեշտ միջոցների հաշվարկներն արվել են մեկ դպրոցի ծախսի հաշվարկման հիմքով, որը 2013 թ-ի դեպքում կազմել է 44970 դրամ: Այսինքն` այս թիվը բազմապատկելով հայաստանյան 1403 դպրոցների թվի և տարվա 12 ամիսների հետ, ստացվել է, որ անհրաժեշտ է 757 միլիոն 114 հազար դրամ:

Վերահսկիչ պալատն իր ընթացիկ հաշվետվությամբ եկել է այն եզրակացությանը, որ ՀԿՑ սպասարկման համար նախատեսված ծախսերը հաշվարկով հիմնավորված չեն, արդյունքում հիմնավորված չէ Հայաստանի կրթական ցանցի սպասարկման ծառայության գինը:

Այն հարցին, թե ինչ մեթոդիկայով է հաշվարկն արվել, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը Իրավաբան.net-ին պատասխանել է. «Հաշվարկներն իրականացվել են` հիմք ընդունելով նախորդ տարիներում բաց մրցույթների արդյունքներում ձևավորված գները, ընդ որում` յուրաքանչյուր հաջորդ տարի ոչ միայն նվազեցվել է միջինացված միավոր գինը` ինչն արտացոլվել է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում, այլև ավելացվել են որակական և քանակական ցուցանիշները»:

Ա. Պողոսյանն, անդրադառնալով միավորի գնի հիմնավորմանը, նշել է, որ ՀԿՑ սպասարկումը և պահպանումը չի ենթադրում միայն ՀԿՑ սպասարկման ծառայության և պահանջվող սարքավորումների գնում (ՀԿՑ ամենօրյա աշխատանքին հետևող հաստիքներ, գործուղումներ, լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս և այլն), և, հաշվի առնելով, ՀԿՑ յուրահատկությունը, հնարավորություն չի տալիս կատարել միավոր գնի այլ հաշվարկ:

«Ցանցում ընդգրկված հաստատությունների սպասարկման և կապով ապահովման ծախսերը խիստ տարբերվում են, որովհետև, օրինակ, Երևանի որևէ դպրոցի և հեռավոր սահմանամերձ կամ բարձր լեռնային համայնքի դպրոցում նույն աշխատանքի իրականացման համար չի կարող ներկայացվել համապիտանի հաշվարկ: Նույնը վերաբերում է նաև ՀՀ սփռված շուրջ 300 կապի հանգույցներն աշխատունակ վիճակում պահելուն և սպասարկելուն»,- Ա. Պողոսյանի խոսքով, սա է պատճառը, որ ընդունվել է 1 դպրոց/ամիս միավորի միջինացված գինը:

«Յուքոմ»-ն ամենափորձառուն է. ԿՏԱԿ-ի պնդումը

Վերահսկիչ պալատի մյուս դիտողությունն այն է, որ ԿՏԱԿ-ը խախտել է «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կառավարության 168-Ն որոշման 35.1 կետը, համաձայն որի, մինչև գնումների հրավերի հաստատումը չի ուսումնասիրվել համապատասխան շուկանները: Սրա վերաբերյալ Արտակ Պողոսյանը նշել է. « …պատճառը եղել է ՀԿՑ յուրահատկությունը (ՀԿՑ սպասարկման ծառայության գնման բաց ընթացակարգի պատասխանտու ստորաբաժանումը նույնպես գնումների շուկայական գների մասին տված իր երաշխավորությունում նշել է վերոհիշյալ պատճառը)»:

Իսկ Վերահսկիչ պալատին ուղղված պատասխանում (որն ամբողջությամբ Իրավաբան.net-ին ուղարկվել է ՎՊ աշխատակազմի ղեկավարի կողմից) ԿՏԱԿ-ն այս դիտողության վերաբերյալ նշել է նաև, որ «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կառավարության 168-Ն որոշմամբ հաստատված կարգը ուժը կորցրել է այս տարվա ապրիլի 1-ին և ուժի մեջ մտած կառավարության 105-Ն որոշմամբ հաստատված կարգով` շուկայի ուսումնասիրություն նախատեսված չէ: Սակայն պետք է նշել, որ տվյալ դեպքում գնումների հրավերի հաստատումը կատարվել է այն ժամանակ, երբ գործել է նախորդ կարգը:

Վերահսկիչ պալատը որպես խնդիր նշել է նաև այն, որ գնումների պայմանագրերով նախատեսված ՀԿՑ սպասարկման նպատակով ծառայությունը կատարող «Յուքոմ» ընկերությանը փոխանցվող միջոցների 80 %-ից ավելին (590 միլիոն 400 հազար դրամը) հատկացվում է երրորդ անձի, որն էլ հիմնականում իրականացնում է ցանցի սպասարկումը: Եվ սրա վերաբերյալ ՎՊ-ն առաջարկել էր գնման իրականացման հրավերի պայմանագրի նախագծում (հետագայում նաև պայմանագրում) նախատեսել դրույթ, որի համաձայն, ՀԿՑ սպասարկումն պետք է իրականացվի ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից ինքնուրույն` ծառայության մատուցման պարտավորությունն այլ անձի չփոխանցելով:

«Սա հնարավորություն կապահովեր տվյալ ոլորտում առավել փորձառու կազմակերպության մասնակցությունը համապատասխան ծառայության գնման ընթացակարգին, որն էլ կարող էր բերել սպասարկման ծառայության գնի նվազմանը»,- նշված է հաշվետվությունում:

Մեր այն հարցին, թե ինչու նման պայման չի դրվում պայմանագրում, Արտակ Պողոսյանը պատասխանել է. «ՀԿՑ սպասարկման ծառայությունը միայն մեկ կազմակերպությունով իրականցնելու մասին դրույթն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ նման պայմանը խտրական է և կնեղացնի մրցույթի մասնակիցների շրջանակը»:

Իսկ ահա Վերահսկիչ պալատին ուղղված պատասխանում ԿՏԱԿ-ն նշել է նաև հետևյալը. «…նախորդող տարիներին գնման հայտ ներկայացրած և հաղթող ճանաչված կազմակերպությունից («Յուքոմ» ՍՊԸ) առավել փորձառու կազմակերպություն ենթադրելը հնարավոր չէր: Սա է ցույց տալիս մրցույթին տարիներ շարունակ մասնակցած կազմակերպությունների ցանկը»:

Այնինչ` նույն հաշվետվությունում նշվում է հետևյալը. «…փետրվարից-հունիս ընկած ժամանակահատվածում 458 ուսումնական հաստատությունների (808 ուսումնական հաստատություններից) կողմից օգտագործած միջին ամսական ինտերնետ ծավալը փոքր է եղել 1ԳԲ-ից: Ընտրանքային այցելություններ են իրականացվել 458-ից 43 ուսումնական հաստատություններ: Արդյունքում 43-ից 28-ը քիչ օգտագործած ինտերնետի ծավալի պատճառ են նշել կապի վատ որակը»: Իսկ կապի վատ որակին ԿՏԱԿ-ն իր պատասխանում չի անդրադարձել:

Ինչու՞ ՀԿՑ սպասարկումը չի կատարվում ԿՏԱԿ-ի կողմից

Ընթացիկ հաշվետվության մեջ Վերահսկիչ պալատն առաջարկում է քննարկել ՀԿՑ սպասարկումը ԿՏԱԿ-ի կողմից իրականցնելու տարբերակը, հաշվի առնելով այն, որ ցանցը ԿՏԱԿ-ի սեփականությունն է և դրա անխափան աշխատանքի ապահովման նպատակով անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվում ԿՏԱԿ-ի կողմից` պետության միջոցների հաշվին:

Արտակ Պողոսյանն իր պատասխանում նշել է, որ ԿՏԱԿ-ի կողմից ցանցի սպարակման հարցը քննարկվել և քննարկվում է ներկայումս, սակայն ներկայումս դեռևս հուսալի և աշխատող տարբերակ է ծառայության գնումը:

«Վերահսկիչ պալատի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի համաձայն` վերահսկվող օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձը մեկամսյա ժամկետում պետք է տեղեկատվություն տրամադրի ՎՊ-ին` արձանագրված խախտումները վերացնելու վերաբերյալ:

Սակայն ինչպես կարելի է ենթադրել ԿՏԱԿ-ի կողմից ստացված պատասխաններից, տեղեկությունները վերաբերում են ոչ թե արձնագրված խախտումները վերացնելուն, այլ պատճառաբանություն են, թե ինչու չեն կարող վերացվել դրանք:

Իրավաբան.net-ի այն հարցերին, թե արդյո՞ք ԿՏԱԿ-ի կողմից ստացված պատասխանը բավարա՞ր է, վերացվե՞լ են խախտումները, թե՞ ոչ, Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը պատասխանել է. «Տրամադրված տեղեկատվությունից հասկանալի է, որ ինչպես լիազոր մարմինը, այնպես էլ ծրագիրն իրականացնողը ձեռնամուխ են եղել ընթացիկ հաշվետվությունում բարձրացված հիմնական խնդիրների լուծմանը»:

Ա.Կ.
Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ