«Ոչ թե ուժի իրավունք, այլ իրավունքի ուժ». հակակոռուպցիոն քննարկում Լոռու մարզում

Ինչպե՞ս ապահովել բարեխղճություն հանրային ծառայության ոլորտում: Այս խնդիրը քննարկելու նպատակով մայիսի 7-ին Վանաձոր քաղաքում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին հակակոռուպցիոն միջոցառում:

Քննարկումը տեղի ունեցավ Եվրոպական միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Լոռու մարզի քաղաքացիական հասարակությունից և ԶԼՄ-ներից, բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Լոռու մարզային համակարգող, փաստաբան Արթուր Սուքիասյանը:

Նա կարևորեց հանրային ծառայության ոլորտում բարեխղճության սկզբունքների ապահովումը` նշելով, որ մեր երկրում այս ուղղությամբ մեծ անելիքներ ունի քաղաքացիական հասարակությունը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը նախ խոսեց լավ կառավարումից և բարեխղճությունից: Ներկայացնելով սկզբունքները` նա ասաց. «Դրանք ոչ թե այսպես սլայդի վրա պետք է շարադրված լինեն, այլ պետք է առկա լինեն մեր կառավարման համակարգի հիմքում: Կոռուպցիայի դեմ պայքարը, արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումը բավականին երկարատը գործընթաց է: Դրա համար կարող են տասնամյակներ պահանջվել: Դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք, հետևողական, ամենօրյա մասնագիտական աշխատանք և հանրության ակտիվ ներգրավվածություն»:

Պարոն Ատովմյանը կարևորեց կառավարման համակարգի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը և իրավունքի գերակայությունը: Ըստ նրա. «Ամենի հիմքն իրավունքի գերակայությունն է, եթե որևէ պետությունում գերիշխում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը, չկա հասարակական վստահություն դատական համակարգի նկատմամբ, օրենսդրությունը փոփոխվում է շատ հաճախ, ապա նման պետությունը իրավական համարվել չի կարող, նրանում հնարավոր չի լինի արդյունավետորեն պաշտպանել մարդու իրավունքները և կոռուպցիայի մակարդակը բարձր կլինի»,- ասաց փորձագետը:

Մարատ Ատովմյանը նաև ներկայացրեց բարեխղճության ազգային համակարգը, խոսեց հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններից. «Էթիկայի կանոններ ունենալը քիչ է, հարկավոր է կազմակերպել ուսուցումներ, հանրային ծառայողները պետք է տեղյակ լինեն դրանցից և դրանք գործնականում կիրառելու հմտություններ ունենան»,- ընդգծեց Մարատ Ատովմյանը:

Հասարակական վերահսկողությունը հանրային ծառայության ոլորտում բարեխղճության ապահովման համատեքստում թեման ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը:

Նա խոսեց հնարավոր բոլոր մեխանիզմներից՝ կիսվելով հասարակական վերահսկողության եղանակներից: Իրավաբան.net մասնագիտական անկախ կայքի լրագրող Գևորգ Թոսունյանն էլ խոսեց հանրային ծառայության ոլորտում տվյալների հետաքննությունների իրականացման մեթոդներից՝ հարցը դիտարկելով բարեխղճության ապահովման համատեքստում: Քննարկումներից Լոռու մարզի ՔՀԿ սեկտորի ներկայացուցիչները տպավորված էին: Եղան տարբեր հարցեր բանախոսներին:

Համայնքների զարգացման ռազմավարական կենտրոն ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը առանձնացրեց հակակոռուպցիոն կրթությունը՝ սկսած դպրոցահասակ երեխաներից. «Եթե սկսած 6 տարեկանից, եթե այն հիմք է դրվում երեխայի մեջ, ապա նա արդեն իսկ դա ընկալում է առաջնային: Հարցի երկրորդ կողմը կա, թե ինչքան է իշխանությանը ձեռնտու իրավագիտակից սերունդ, որովհետև նման պարագայում հասարակությունը դառնում է պահանջատեր»:

«Առավոտ» ՀԿ-ից Սիրարփի Պետրոսյանը խոսեց կոռուպցիոն ռիսկերից առողջապահության ոլորտում: Նա շեշտեց, որն ինչքան շատ լինեն հակակոռուպցիոն քննարկումները հենց հասարակության ներսում, այնքան ավելի արդյունավետ հիմքի վրա կդրվի կոռուպցիայի դեմ մղվող պայքարը. «Հասարակությունը հիմնականում իրազեկված չէ: Մեր ժողովրդի մեջ խորհրդային կարգից անգամ մտած է, որ ամենատարրական օրինակը բերեմ, երբ մի թուղթ ստանալու դեպքում պետք է շնորհակալություն հայտնեն պաշտոնյային, երբ որ մեր վերաբերմունքը փոխվի այս ամենի նկատմամբ, մենք ինքներս իմանանք մեր իրավունքների մասն, ապա հենց այդ ժամանակ կառավարության բոլոր անդամները հաշվի կնստեն մեզ հետ»,- ասաց Սիրարփի Պետրոսյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ