ՀԵԻԱ-ն չի մասնակցի Հակակոռուպցիոն խորհրդի մրցույթին. Կարեն Զադոյան

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որը ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադիր անդամ կազմակերպություններից է, ներկայումս իրականացնում է Հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության լիազորությունները և կարևոր դերակատարում ունի այս դաշինքում, ներկա փուլում ձեռնպահ է մնալու Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար անցկացվելիք մրցույթին առաջադրվելուց: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը. «Սակայն ինչպես նշված է կոալիցիայի հայտարարության մեջ՝ մենք շարունակելու ենք կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում մեր ակտիվ դերակատարումը, մասնակցելու ենք հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի աշխատանքներին, որի արդյունքները կներկայացնենք հանրությանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև արձանագրեց, որ Հակակոռուպցիոն կոալիցիան իր մոնիթորինգային աշխատանքներն արդեն սկսել է իրականացնել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ երեկ փոքր դրամաշնորհներ տրամադրվեցին 5 ՀԿ-ների. «Այս դրամաշնորհների ընթացքում կդիտարկվեն և հանրությանը կներկայացվեն կառավարության ծրագրերի տարբեր ոլորտների, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի, խորհրդի աշխատանքների վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները»,- նշեց մեր զրուցակիցը: Այնպես որ ՀԵԻԱ-ն այս փուլում օգտագործելու է հասարակական վերահսկողության լծակները՝ Երևանում և մարզերում:

Այդուհանդերձ, ՀԵԻԱ-ն կարևորում է պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը. «Կոռուպցիայի դեմ պայքարը միայն հնարավոր է, եթե մեկտեղվում են պետական մարմինների և հասարակության՝ հանձինս հասարակական կազմակերպությունների ջանքերը»,- ասաց ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ