Հակակոռուպցիոն պայքարի համար 5 ՀԿ-ներ դրամաշնորհներ ստացան

Մայիսի 1-ին փորք դրամաշնորհների մրցույթի առաջին փուլի հաղթող ՀԿ-ները ստացան 5 մլն ՀՀ դրամից ավելի գումար:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհներին արժանացան հետևյալ ՀԿ-ները՝ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն», «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ, «Արմքոմեդի» մշակութային հասարակական կազմակերպություն, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ և «ԼոգոՍ» երիտասարդական հասարակական կազմակերպություն:

Այս կազմակերպությունների ղեկավարները համապատասխան պայմանագրերը ստորագրեցին ՀԵԻԱ-ի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սաթիկ Բադայանի փոխանցմամբ՝ ՀԿ-ն 2004թ.-ից ուղղություն է վերցրել առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերումը. «Դրանք հիմնականում կապված են համակարգային խնդիրներով: Այս ծրագրով մենք ուսումնասիրելու ենք ներհիվանդանոցային դեղաշրջանառությունը և այնտեղ առկա կոռուպցիոն ռիսկերն ու դրսևորումները»,- փոխանցեց տիկին Բադայանը: Ծրագրի արժեքն է 1,219,000 ՀՀ դրամ, այն կիրականացվի Գեղարքունիքի մարզում:

«Լոգոս» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հակակոռուպցիոն մոնիտորինգ կիրականացնի մանկատներում և հատուկ խնամքի տներում: ՀԿ նախագահ Արա Մելիքջանյանի խոսքերով՝ թիրախ են ընտրված Շիրակի մարզում գործող ընդհանուր թվով չորս խնամքի տներ և մանկատներ. «Ընդհանուր մոնիտորինգի ենք ենթարկելու երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված հարցերը, ինչպես նաև ծնող-հաստատություն-երեխա հարաբերություններում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Դրամաշնորհային ծրագիրն իրականցվելու է «Արաքս» բարեգործական ՀԿ-ի և «Իրավաբանական կլինիկա» ՀԿ-ի հետ համատեղ»,- նշեց մեր զրուցակիցը: Ծրագրի արժեքն է 1,111,250 ՀՀ դրամ:

Լոռու մարզում տրանսպորտային ոլորտում կոռուպցիոն խնդիրները ուշադրության կենտրոնում կպահի «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը: ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը փոխանցեց, որ ծրագիրը կիրականացվի լրագրողների ներգրավմամբ, որպեսզի հասարակությունն ավելի տեղեկացված լինի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերից. «Ինձ թվում է՝ այս խնդիրը բոլորին հետաքրքրում է, բոլորս հասկանում ենք, որ մատուցվող ծառայության որակը լավագույնը չէ, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ համայնքային բյուջեից մեծ գումարներ է ծախսվում: Բայց սա կարծիք է, պետք է վերլուծել ու վեր հանել խնդիրները՝ տալով լուծումներ»,- ասաց մեր զրուցակիցը: Ծրագրի շրջանակներում ՀԿ-ին տրամադրվել է 919,800 ՀՀ դրամի չափով գումար:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կփորձի վերհանել պետպատվերի շրջանակներում անվճար տրամադրվող դեղերի գործընթացի կոռուպցիոն ռիսկերը. «Նախ առաջին փուլով փաստաթղթային ուսումնասիրություն կիրականացնենք՝ ներկրման վերաբերյալ: Հետո համապատասխանատվության գնահատում կիրականացնենք՝ առանձնացնելով խնդիրները: Բնականաբար փոքրիկ ուսումնասիրություն կիրականացնենք՝ հասկանալու, թե որքանով են օգնում այդ դեղերը, ինչպես նաև պարզելու ստանալու և չստանալու պատճառները»,- ասաց  «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ֆինանսավորված ծրագրի ղեկավար Սիրանուշ Զաքարյան, ով ղեկավարելու է ծրագիրը: Այս դրամաշնորհի համար հատկացված է 940,000 ՀՀ դրամ գումար:

Իսկ «Արմքոմեդի» մշակութային հասարակական կազմակերպությունը կկենտրոնանա հակակոռուպցիոն ռազմավարության և խորհրդի վրա. «Այսինքն՝ ինչ-որ տեղ օգնելու ենք, որ խորհուրդը լինի ավելի արդյունավետ և հանկարծ չթերանա»,- փոխանցեց հաղորդավար Սերգեյ Սարգսյանը: Հակառակ դեպքում «Արմքոմեդին» հումորի միջոցով վեր կհանի կոռուպցիոն ռիսկերը. «Շատ հաճախ տեսնում ենք, որ անարդար ծախս է լինում, օրինակ՝ վերջերս նկատեցինք, որ մեկ բաժակ գնելու համար ծախսել են 7000 ՀՀ դրամ, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ դրա համար ամենաշատը պետք է 2000 ՀՀ դրամ: Կարելի է դրա մասին ուղղակի հերթական նյութը գրել և դա կանցնի ու կգնա, բայց որ երգիծական նյութ է ստեղծվում կարդացողը նաև ցանկություն է ունենում կիսվել դրա հետ: Այսինքն՝ հանրությունն ավելի շատ է տեղեկանում բուն խնդրի մասին և շահագրգռված է, որ դրա մասին խոսվի»,- ընդգծեց ՀԿ նախագահ, հաղորդավար Նարեկ Մարգարյանը: Ծրագրի արժեքն է 900,000 ՀՀ դրամ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հանրային վերահսկողության կարողությունների զարգացումը ծրագրի կարևորագույն նպատակն է. «Որի շրջանակներում 2015թ.-ին հակակոռուպցիոն ուսուցում են անցել 105 ՔՀԿ ներկայացուցիչներ՝ Երևանում և մարզերում: Այժմ շատ կարևոր է, որ այդ ՔՀԿ-ները գործնականում կարողանան իրենց ստացված գիտելիքները, փորձն ու հմտությունները կիրառել: Հենց այս նպատակի իրականացմանն էլ միտված է փոքր դրամաշնորհների տրամադրումը, որոնց միջոցով ՔՀԿ-ները կկարողանան հակակոռուպցիոն հասարակական վերահսկողություն իրականացնել»,- ասաց պարոն Զադոյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Եվրամիության և ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ