Ինչպե՞ս ծանոթանալ տեսանկարահանված խախտման ապացույցի հետ

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ապացույցները վարչական ակտի հետ պահվում են վարչական վարույթի վերաբերյալ գործում: Եթե տեսանյութի կամ լուսանկարի կրիչը ամրագրում է մեկից ավելի իրավախախտումների դեպքեր, ապա այն պահվում է դրանցով իրականացված վարչական վարույթի գործերից մեկում, իսկ վարչական վարույթի գործերը միավորվում և համարակալվում են ընդհանուր պահոցում:

Տեսանյութի կամ լուսանկարի կրիչը փաթեթավորվում և կնքվում է վարչական մարմնի կնիքով վարչական ակտի վարչական բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո: Փաթեթի վավերապայմանները սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի հրամանով: Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրանց է տրամադրում տեսանյութի պատճենը` դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:

Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել վարչական ակտին իրազեկվելու պահից: Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, և հանձնման փաստն ամրագրվում է արձանագրությամբ, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով: Եթե վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր դիմելուց հետո սահմանված ժամկետում չի ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենն ստանալու համար, ապա վարչական մարմնում կազմվում է արձանագրություն, որով փաստվում է նրա չներկայանալը: Արձանագրության ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրան չի արգելում կրկին դիմել վարչական մարմին` տեսանյութի պատճենը տրամադրելու խնդրանքով:

Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել:

Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան և ենթակա են արխիվացման` օրենքով սահմանված կարգով: Բացի վարչական ակտի հասցեատիրոջից, իրավախախտումն ամրագրած տեսանյութում կամ լուսանկարում արձանագրված այլ անձանց պատկերները մթնեցվում են և վարչական վարույթի վերաբերյալ գործում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համացանցի կայքէջում և ընդհանուր պահոցում պահվում են այդ պատկերով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել