Թուրքիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության ժխտողականության համար. Իրավաբան

Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին անկյունաքարային նշանակություն ունի հայերի դեմ իրագործված ցեղասպանության մերժողական քաղաքականության հիմնահարցերի իրավական սպեկտրի համակողմանի վերլուծությունը` հիմք ընդունելով նաև 1990թ. օգոստոսի 23–ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետը, որում սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Պատասխանատվությունից որքան էլ փորձի խուսափել Թուրքիան պարբերաբար վկայակոչելով, թե 1948թ–ի դեկտիմբերի 9–ի ՄԱԿ–ի «ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան չունի հետադարձ ուժ և չի տարածվում մինչ 1948 թվականը տեղի ունեցած իրողությունների վրա, մինևնույնն է այն ընդունելի չէ, քանզի ՄԱԿ–ի կողմից 1968թ–ի մեկ այլ «պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի հենց առաջին հոդվածում հստակ նշված է, որ «անկախ կատարման ժամկետից պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ որևէ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում»։ Իսկ համաձայն նույն Կոնվենցիայի երկրորդ հոդվածի` մարդկության դեմ կատարված հանցագործություն է համարվում նաև ցեղասպանության հանցագործությունը, որը սահմանվել է 1948թ.–ի «ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայով։

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 1946թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը հանցագործություն է և հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն, ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, և համոզված լինելով, որ մարդկությունն այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն [1], իսկ Թուրքիան իր որդեգրած Հայոց ցեղասպանության ժխտողական քաղականությամբ էլ ավելի է բորբոքում երկու պետությունների միջև առկա փոխհարաբերությունները և էլ ավելի խորացնում փոխադարձ համագործակցությանը խոչընդոտող անհաղթահարելի հորձանուտի սահմանները։

Որպես Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնական միջազգային իրավական գործիք` 1948թ–ի «ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայով, Հայաստանի Հանրապետությունը իբրև կոնվենցիայի անդամ պետություն ունի բավականին լայն իրավասություններ, չնայած նույն կոնվենցիայի ունեցած բացերի և թերությունների առկայության։

Ներկայացնենք Հայաստանի Հանրապետության իրավասությունները Թուրքիայի Հանրապետության կողմից վարվող ժխտողական քաղաքականության դեմ իրականացվող անհնազանդ պայքարում, այսպես.

1. Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը որակել իբրև հանցակցություն Հայոց ցեղասպանության մեջ, ինչը համապատասխանում է ՄԱԿ–ի ցեղասպանության մասին Կոնվենցիայի 3–րդ հոդվածի e կետին, ինչպես նաև Կոնվենցիայի 3–րդ հոդվածում նշված գործողությունների համար (ցեղասպանությունը, ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը, ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը, ցեղասպանություն կատարելու փորձը, հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ) Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության հարցերով դիմել ՄԱԿ–ի միջազգային դատարան [2]։

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, հիմնվելով Կոնվենցիայի 9–րդ հոդվածի վրա, որի համաձայն «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման և կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը՝ վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով», Հայաստանի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության հիմնահարցը ներկայացնել իբրև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ՄԱԿ–ի ցեղասպանպանության մասին Կոնվենցիայի շրջանակներում առկա վեճ, և առանց վերջինիս համաձայնության` այդ վեճը հանձնել Միջազգային դատարանի քննությանը։

3. Ելնելով Կոնվենցիայի 8–րդ հոդվածից, որ յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը և 3-րդ հոդվածում թվարկված որևէ այլ արարք կանխարգելելու և ճնշելու համար, Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել ՄԱԿ–ի համապատասխան մարմին (օրինակ` Անվտանգության խորհուրդ), պահանջելով ձեռք առնել կազմակերպության կանոնադրության դրույթներից բխող բոլոր միջոցները` հայերի ցեղասպանության ժխտողականությունը կանխելու համար։

Հայոց ցեղասպանությանը, որպես XIX դարավերջին և XX դարասկզբին տեղի ունեցած եղերական իրադարձության, վաղուց արդեն պատմական գնահատական են տրվել ոչ միայն հայ, այլև օտարազգի պատմաբանների ու ցեղասպանագետների կողմից, լույս են տեսել հազարավոր հետազոտություններ, հրապարակվել են բազմաթիվ պետությունների արխիվներում պահվող փաստաթղթեր, որոնք միանշանակ փաստում են հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճիրը։ Սակայն, չնայած այդ ամենին, հանցագործ պետությունը` Թուրքիան ոչ միայն չի համակերպվում պատմական փաստերի հետ, այլև պետական մակարդակով վարում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականություն։ Այս քաղաքականությամբ հենց Թուրքիան, փաստորեն, Հայոց ցեղասպանության խնդիրը դուրս է բերել պատմական հարթություն և վերածել քաղաքական հարցի։ Մի շարք կառավարական և ոչ կառավարական միջազգային կազմակերպություններ ու ավելի քան երկու տասնյակ պետություններ արդեն իսկ տվել են Հայոց ցեղասպանության քաղաքական գնահատականը` այն որակելով որպես ծանր միջազգային հանցագործություն ու դատապարտել։ Սակայն Թուրքիայի Հանրապետությունը չի ցանկանում համակերպվել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերի հետ։ Ավելին, տարաբնույթ միջոցներ է ձեռնարկում Հայոց ցեղասպանության փաստի արձանագրումը նոր երկրներում թույլ չտալու համար։ Այնուամենայնիվ, կցանկանայինք հույս հայտնել, որ գոնե Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի Հանրապետության պատկան մարմինները կգտնվեն գիտակից և կհասկանան, որ իրական և աներկբա փաստերը մերժելու մշուշոտ քաղաքականությանը անբեկանելիորեն դատապատված է քարկոծման թե՛ իրենց իրավական համարող պետությունների, թե՛ իրավագիտակից միջազգային հանրության կողմից։

Հոդվածի հղումները ստորև՝

[1] Տե՛ս https://www.un.am/res/UN%20Treaties/III_1.pdf

[2] Տե՛ս Արմեն Մարուքյան, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները, Եր.,2014թ, էջ 200:

ՀԵԻԱ իրավախորհրդատու՝ Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել