Ներկայիս Սահմանադրությունը երկրի արգելակներից մեկն է. Վարդան Պողոսյան

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի հայաստանյան ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը դեմ է, որ քաղաքացիական հասարակությունը բոյկոտի Սահմանադրական բարեփոխումները:

Ըստ նրա տվյալ պարագայում՝ մնալու է այն, ինչը, որ կա. «Իսկ այն, ինչ-որ կա, իմ կարծիքով՝ իսկապես շատ խոցելի է, և երկրի զարգացման արգելակներից մեկն է: Ես չեմ ընկալում այն փաստարկը՝ երբ ասում են, թե Սահմանադրությունը լավն է, բայց վատ են կատարում: Լավ սահմանադրությունը հենց նրա համար է, որ հնարավորինս մեծ խոչընդոտներ ստեղծի վատ կառավարման համար և լայն հնարավորություններ տա ժողովրդին՝ մասնակցելու իր քաղաքական ճակատագրի որոշմանը»,- ասաց պարոն Պողոսյանը:

«Քաղաքացիական հասարակության դերը սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում» խորագրով քննարկմանը նա նաև անդրադարձավ բարեփոխումների հիմքում դրված կառավարման համակարգերի փոփոխման մոդելներին, նա կարևորեց պառլամենտական համակարգն` ընդգծելով. «Ի՞նչ է տալու կառավարման խորհրդարանական համակարգն իշխանությունների գերկենտրոնացվածության տեսանկյունից: Գործող համակարգում բոլորը ըստ էության կախված են նախագահից, վարչապետական կամ պառլամենտական համակարգի պարագայում կոլեկտիվ կառավարումը մեծանում է: Կառավարման խորհրդարանական համակարգը թույլ է տալիս բարձրացնելու կուսակցությունների դերը, առանց որի մենք կախված ենք մեկ անձից, տվյալ պարագայում երկրի նախագահից: Պառլամենտական համակարգում խոցելիության աստիճանը նվազում է, բայց անգամ այս համակարգը չի կարող 100 տոկոս երաշխիքներ տալ, որ անցումից հետո երկիրը զարգանալու է ժողովրդավարության տեսանկյունից»,- նշեց մասնագետը` մեջբերելով հայեցակարգից հատված, ըստ որի` այս փոփոխությունները, ըստ էության, անցումային բնույթ են կրում, և դրանց կիրառության արդյունավետությունը բխում է քաղաքական առողջ մշակույթից: Ուստի նա ասաց. «Եթե մենք չունենանք քաղաքացիական ակտիվություն, մենք չենք կարող ձևավորել քաղաքական մշակույթ, եթե չկան քաղաքացիական հակակշիռներ իշխանության դեմ, միևնույն է այդ վտանգը մեծանում է: Եթե մենք ընդամենը ասելու ենք, որ հայեցակարգը վատն է, որ նրա նպատակը իշխանության վերարտադրությունն է, ապա լավագույն դեպքում որպես քաղաքացիական հասարակություն մենք հասնելու ենք նրան, որ մնալու է այն, ինչ-որ կա: Լավ սահմանադրությունն այն է, որ հնարավորինս խոչընդոտներ է ստեղծում վատ կառավարության համար և հնարավորություն է տալիս քաղհասարակությանը ինքնարտահայտվել»,- եզրահանգեց փորձագետը:

Խոսելով հակակոռուպցիոն հանձնաժողովից, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը նշեց. «Հակակոռուպցիոն հանձնաժողովը կամ մարմինը կարող է այդ կարգավորող անկախ հանձնաժողովներից մեկը լինել, դրանց ձևավորման ընդհանուր գծերը մենք քննարկել ենք: Կարծում եմ, որ սահմանադրության նախագծերում այն իր արտացոլումը կգտնի, մենք դա պետք է դիտարկենք ամբողջ համակարգի շրջանակներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել