Ի՞նչ իմաստ ունի օրենք փոխել, եթե կիրառում տեղի չի ունենում. փաստաբան

Ամենավատ օրենքը խելացի կիրառողների, օրենքի տառին հետևող կիրառողների պարագայում միանշանակ հասարակությանը օգուտ է տալու: Վստահ է փաստաբան Միհրան Պողոսյանը: Անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխման գործընթացին, նա նշեց.

«Մենք ունենք Վճռաբեկ դատարան, որը նաև նախադեպային իրավունքն է զարգացնում, ունենք Եվրոպական կոնվենցիայի նախադեպային իրավունքներ, այսինքն՝ Քրեական դատավարության օրենսգրքի բացերը որոշակի առումով փակվում են նաև նախադեպային որոշումներով, Եվրոպական դատարանի վճիռներով, կոնվենցիայով»,- սակայն ըստ փաստաբանի՝ կիրառողն այն չի գործարկում:

«Այս տեսանկյունից, եթե նոր օրենսգիրքը լավը լինի և կրկին կիրառումը տեղի չունենա, ապա օրենսգրքի հետ կապված բնականաբար օրենք փոփոխելով որևէ խնդրի լուծում վերջնականապես չենք հանգելու: Այստեղ խնդիրը կիրառողների հարցն է»,- ասաց պարոն Պողոսյանը:

Միաժամանակ նա ընդունում է, որ օրենսգիրքն ամբողջությամբ չի ապահովում պրակտիկ դաշտի գործունեությունը. «Նախադեպերն են շատ կիրառվում, հենց օրինակ գրավի օրինակը, որ օրենսգրքում սահմանված է, որ այն կիրառում է ոչ մեծ և միջին ծանրությամբ հանցանքների համար, սակայն հասարակական հարաբերությունների զարգացումը, Եվրոպական դատարանի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ պայման սահմանեց, որ գրավը ցանկացած հանցագործության համար կիրառելի է: Քրեական դատավարության օրենսգրքում դա ներառված չէ, սակայն, ըստ էության կիրառումն արգելված չէ, քանի որ դա նախադեպային իրավունք է»,- ասաց պարոն Պողոսյանը:

Մյուս կողմից նա արձանագրեց, որ պրակտիկայում գրավը պարզապես չի կիրառվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել