Հանրության և պետական մարմինների նպատակը մեկը պետք է լինի. հակակոռուպցիոն քննարկում սոցիալական ոլորտի վերաբերյալ

Հակակոռուպցիոն պայքարն առանց քաղաքացիների մասնակցության արդյունավետ լինել չի կարող: Ապրիլի 22-ին Արարատ քաղաքում «Կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ոլորտում. հանրային վերահսկողության մարտահրավերները» թեմայով քննարկմանը համոզմունք հայտնեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն. «Կոռուպցիա ինչի՞ է բերում, նախ և առաջ՝ այն չարիք է հասարակության համար: Կոռուպցիան նաև իջեցնում է տեղեկան ինքնակառավարման մարմինների, քաղաքապետարանների հաշվետվողականությունը: Պետք է բոլորը պատասխանատու լինեն կառավարության առջև: Մենք այս պահին քննարկում ենք ռազմավարություններ, գործողությունների պլաններ, բայց անհրաժեշտ է, որ այս պահին ընդգրկված լինեն քաղաքացիներ: Մենք այստեղ ենք գտնվում, որ նպաստենք ու աջակցենք, ոչ թե  լեկցիաներ կարդանք»,- նշեց բանախոսը:

Քաղաքացիների մասնակցությունը հակակոռուպցիոն պայքարում կարևորեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը. «Առանց քաղաքացիների մասնակցության այս ամբողջ բարեփոխումներն արդյունավետ չեն լինի, և այդ պատճառով մենք շատ ենք կարևորում՝ ինչպես հասակական կազմակերպությունների մասնակցությունը, այնպես էլ մասնավոր սեկտորի դերն այս գործում»,- ասաց նա:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն անդրադարձ կատարեց սոցիալական ոլորտին՝ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարությունը, ինչպես նաև ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Նա շեշտեց. «Մեր կազմակերպությունը, նաև հակակոռուպցիոն կոալիցիան միշտ հետամուտ է լինելու պետական մարմինների հետ խորը, գործընկերային համագործակցության, որովհետև և՛ հանրության նպատակը, և՛ պետական մարմինների նպատակը մեկը պետք է լինի՝ մատուցել մեր բնակչությանը որակյալ, արդյունավետ ծառայություններ նաև սոցիալական ոլորտում»:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին զեկույցներ սոցիալական ոլորտում առկա հիմնախնդիրների և դրա նկատմամբ իրականացվող հանրային վերահսկողության մարտահրավերների վերաբերյալ: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի օգնական Ռիմա Սարգսյանը ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրականացման առաջին տարվա արդյունքները: Նա տեղեկացրեց, որ Երևանում ու 5 մարզերում տեղի են ունեցել հակակոռուպցիոն բնույթի բազմաթիվ սեմինարներ ու դասընթացներ, իսկ լավագույն արդյունքը՝ հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծումն է. «Ընդգրկվեցին հիմնադրման ժամանակ շուրջ 70 ՔՀԿ ներկայացուցիչներ, ինչը բավականին մեծ թիվ է մեր իրականության համար և հենց բուն հակակոռուպցիոն ոլորտում պայքարելու համար»:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց ոլորտային վիճակագրությունը՝ խոսելով սոցիալական ոլորտում հանրային վերահսկողության մարտահրավերներից և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործողություններից:

Փորձագետ Մարատ Ատովմյանն անդրադարձավ սոցիալական ապահովության ոլորտը կարգավորող իրավական ակտերին, ներկայիս իրավիճակին Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներին և ներկայացրեց դատական պրակտիկան:

«Կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ոլորտում» ՀԵԻԱ-ի ուսումնասիրությունով կիսվեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը:

Զեկույցներին հաջորդեց քննարկումը: Մասնակիցները առանձնացրին մտահոգող ոլորտները: «Զարգացման կենտրոն» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախագահ Հռիփսիմե Հովհաննիսյանը խոսեց հասարակական կարծրատիպերից՝ առաջարկելով լուրջ աշխատանք տանել կրթական համակարգում. «Այստեղ կա լուրջ կարծրատիպերի խնդիր, այսինքն՝ հասարակության այն հատվածի հետ, որ հիմա դուք աշխատում եք, որևէ շոշափելի արդյունք չի արձանագրվի մոտակա 5-6 տարիների ընթացքում, որովհետև եթե փորձենք վիճակագրությանն էլ նայենք՝ 10-ը դեպքից ընդամենը երկուսը կաշխատեն իրենց իրավունքները պաշտպանել: Եթե ուզում ենք կարծրատիպերը կոտրվել, պետք է լուրջ աշխատենք կրթական համակարգի վրա ու աշխատենք հասարակության այն սեկտորի հետ, որի քաղաքացիական գիտակցությունն է դեռ ձևավորվում, այսինքն՝ եթե մենք աշխատենք դպրոցներում»:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության անդամ Զարուհի Սարգսյանը բերեց պարզ, բայց փոստային բաժանմունքներում թոշակներ և նպաստներ տալիս տարածված մի օրինակ. «17 հազար նպաստից 500 դրամ պահում է աշխատակիցը, դիմեցի ասեցի՝ ինչու ես պահում, չէ, որ նպաստը 17 հազար է, ինչու ես 500 դրամ վերցնում քեզ, ասում ա՝ ինքը ինձ ասել է 500 դրամը պահի, դիմեցի շահառուին՝ հարցնում եմ՝ այդպիսի  բան եք պայմանավորվել, ասում է՝ ոչ, ես էլ զարմանում եմ, թե ինչու են ինձ պակաս տալիս, ուրեմն ստիպեցի, որ այդ պահին տալ, բայց ամեն անգամ չես կարող ներկա լինել, որ հետ կանգնեցնես: Բոլոր փոստային բաժանմունքներում, պահումները անում են»,- նշեց մասնագետը:

Վերջում մասնակիցները խոստացան ներկայացնել սեփական առաջարկություններն՝ պատկան մարմինների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ