Չնայած կառավարության հերքումներին, ամեն ինչ վկայում է հայ ժողովրդի ոչնչացման նպատակի մասին. գերմանացի դեսպանի հեռագիրը

Հայոց ցեղասպանության թանագարն-ինստիտուտի կայքում հրապարակված են մի շարք փաստաթղթեր, որոնք ապացույցներ են Ցեղասպանության մասին: Ներկայացնում ենք գերմանացի պաշտոնյաների վկայությունները Ցեղասպանության մասին:

Էրզրումի գերմանական հյուպատոս Շոյբներ-Ռիխտերի դեսպան Վանգենհայմին ուղղված զեկուցագրից
28 հուլիսի 1915թ.

Տեղի վալի Թահսիմ բեյի կողմնակիցները անկեղծ խոստովանում են, որ նրանց գործունեության վերջնական նպատակը Թուրքիայում հայերի լիակատար ոչնչացումն է: Պատերազմից հետո «մեզ մոտ Թուրքիայում հայեր արդեն չեն լինի»,-ահա հռչակավոր անձանցից մեկի բառացի արտահայտությունը: Քանի որ այդ նպատակին հնարավոր չէ հասնել տարբեր տեսակի ջարդերի միջոցով, այստեղ հուսով են, որ մինչև Միջագետք տանող երկարատև ճանապարհի զրկանքները և անսովոր կլիման կավարտեն այդ գործը: Հայկական հարցի այդ «լուծումը» կատարյալ է թվում ծայրահեղ ուղղության բոլոր կողմնակիցներին, որոնց թվին են պատկանում զինվորական և կառավարության գրեթե բոլոր պաշտոնյաները:

Deutschland und Armenien, 1914-1918, Sammlung Diplomatischer Aktenstucke, Herausgeleben und Eirgeleitet von Dr. Johannes Lepsius, Potsdam 1919, S. 113.

Գերմանիայի դեսպանության բողոքի նոտան Օսմանյան Կայսրության Կառավարությանը՝ հայերի կոտորածների դեմ
4 օգոստոսի 1915թ.

Թուրքիային ուղղված իր նոտայում գերմանական կառավարությունը իր դժգոհությունն արտահայտեց «(հայ բնակչության) զանգվածային և հախուռն տեղահանության կապակցությամբ, հատկապես ելնելով նրանից, որ տեղահանությունն ուղեկցվում է բռնության այնպիսի գործողություններով, ինչպիսիք են կոտորածն ու թալանը»:

Politisches Archiv des Auswartigen Amtes, Abteilung IA, Turkei 183/37, A2127, August 4.1915.

Հայերի տեղահանությունը Էրզրումից: Էրզրումի գերմանական Շոյբներ-Ռիխտերի գաղտնի հաշվետվությունից
5 օգոստոսի 1915թ.

Հունիսի սկզբին Էրզրումից տեղահանվեցին հայկական վերնախվի առաջին խումբը 14 օրվա ընթացքում: Շուրջ 500 մարդ հունիսի 13-ին հեռացան Էրզրումից և սարերով Խարբերդի վրայով անցան Ուրֆա: Ըստ կառավարության՝ մահացել է 14 մարդ , ինձ հասած տեղեկության համաձայն` գրեթե բոլոր տղամարդիկ: 2-րդ խումբը մոտ 3000 մարդ Էրզրումից հեռացավ հունիսի 19-ին, և 20-ին: Տղամարդկանց հավանաբար սպանել են: Մնացածները հասել են Երզնկա: 3-րդ խումբ մոտ 300 ընտանիք, Էրզրումը լքեցին հունիսի 26-ին: Նրանք հասան մինչև Երզնկա: 4-րդ խումբը նույնպես Բայբուրդով հասավ Երզնկա: Մինչև հուլիսի 15-ը բոլոր հայերը տեղահանվեցին Էրզրումից: Տեղում մնացած բժիշկները, դեղագործները, մի շարք պաշտոնյաները իմ բացակյության ժամանակ նույնպես տեղահանվեցին և, ինչպես հայտնում, են ռազմական դատարանի դատավճռով գնդակահարվել են Բայբուրթի մոտ: 2-րդ, 3-րդ, 4-րդ խմբերը օգոստոսի սկզբին Երզնկայից ուղարկվեցին Ուրֆա` և պետք է անցնեին վատահամբավ Կամախի կիրճով: Չգիտեմ, թե որքան մարդ ողջ կհասնի նշված վայրը:

… Ինչ վերաբերում է հարևան վիլայեթներից տեղահանված հայերին, ապա այնտեղ զոհվածների թիվը անհամեմատ ավելի մեծ է: Այսպես, օրինակ, Երզնկայում եղած ժամանակ Տրապիզոնի հայերի մեջ ես բացարձակ չտեսա այստեղով անցնող որևէ տղամարդու:

…Իմ կարծիքով հայկական նախապատրաստված համընդհանուր և մտածված ապստամբության որևէ կարգի ապացույցներ այնուամենայնիվ բացակայում են: Այսպես, օրինակ, Էրզրումի վիլայեթում չեն հայտնաբերվել ոչ զենք և ոչ էլ վարկաբեկող փաստաթղթեր: Եթե այստեղ ծրագրվեր ապստամբություն, ապա դրա համար ամենահարմար պահը հունվարին էր, երբ ռուսները կանգնած էին 35 կմ հեռավորության վրա Էրզրումից, իսկ Էրզրումի կայազորում ոստիկանությունը բաղկացած էր մի քանի հարյուր մարդուց, այն դեպքում, երբ Էրզրումում միայն բանվորական գումարտակներում կար 3-4 հազար հայ:

R 14088, zu Ab, 28584

Հալեպի հուպատոս Ռյոսլերի հաշվետվությունը արևելյան շրջաններում հայերի և այլ քրիստոնյաների ջարդերի մասին
3 սեպտեմբեր 1915թ.

11. Աքսորվածների տեղափոխման մասին երկաթգծի վարչությանը ներկայացրած հրահանագում ասված է` որ ներկայումս ամեն օր անցնում է մեկ գնացք, իսկ ավելի ստույգ շաբաթվա ընթացքում 2 գնացք հյուսիս-արևելքից (Աքչե Գույունլի երկաթուղային կայարան` Մարաշի և Այնթափի բնակչության համար), 2-ը` հյուսիս-արևմուտքից` (Կաթումի երկաթուղային կայարան` Ալեքսանդրետի, Բեյլանի և ափամերձ գոտու բնակչության համար): Այս չորս գնացքները անցնում են Հալեպով: Թեև երկաթուղային կայարաններում լինում են երկար կանգառներ, ուղևորներին խստագույնս արգելված է քաղաք դուրս գալ:

Բուն Հալեպից ամեն շաբաթ մեկնում են աքսորվածներով լցված 3 գնացքներ, որոնք գալիս են արևելքից կամ էլ այստեղ կուտակվել են տրանսպորտի անկազմակերպ լինելու պատճառով: Մեկ գնացքը սովորաբար բաղկացած է 30-35 վագոններից և տեղափոխում է 1500-1600 տեղահանվածների` մեծամասնությանը բեռնատար վագոններով, ինչպես նաև եթե իհարկե լինում են` մարդատար գնացքներով: Այսպիսով, մեկ վագոնում լինում են 50-55 մարդ: Դա աննկարագրելի մի աղետ է:

Konst./Ankara, 170, Ab. 53a.

Օսմանյան Կայսրությունում Գերմանիայի դեսպանի պաշտոնակատար Հոհենլոե-Լանդենբուրգի հեռագիրը Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը
25 սեպտեմբերի 1915թ.

Չնայած կառավարության հերքումներին, ամեն ինչ վկայում է դրված նպատակի` հայ ժողովրդի ոչնչացման մասին:

Politisches Archiv des Auswdrtigen Amtes, Abteilung I A, Turkei 183/39, A28578. September 25, 1915

Ադանայում կայսերական հյուպատոսության կողմից հայ ժողովրդի դեմ երիտթուրքական կառավարության բռնի գործողությունների մասին կատարված նշումներ և գրառումներ: Ադանայում կայսերական հյուպատոս Բյուգեն ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգին
10 հոկտեմբերի 1915 թ.

…Ինչպես այստեղ պատմում են, երկրի ամենատարբեր տեղերում, հատկապես թուրք-արաբական լեզվային սահմանի գոտիներում հայերը պիտի ենթարկվեն դաժան կոտորածի: Ամենուրեք և ամեն առանձին դեպքում պատասխանատվությունն ընկնում է թուրքական իշխանության մարմինների վրա:

R 14088, Ab. 30012.

Ռայխսկանցլեր Բեթման-Հոլվեգին Հալեպի հյուպատոս Ռյոսլերից
8 նոյեմբերի 1915 թ.

…Կառավարությունը հայերի դեմ ձեռնարկեց այն աստիճան դաժանության կանխարգելիչ միջոցառումներ, որոնք հազվադեպ են հանդիպում պատմության մեջ և այդպիսով առաջացրեց դիմադրություն երեք վայրերում` Ֆունդուջակում, Սուիդիեում և Ուրֆայում:

Ես նախկինում արդեն հայտնել եմ Ֆունդուջակի իրադրությունների մասին: Մարտերը Սուդիեում (Անտիոքի մոտ չորս գյուղերում) ավարտեցին նրանով, որ դիմադրողները գաղտնի նավահանգստից հակառակորդի ռազմական նավերի կրակի տակ բարձրացան նավի վրա: Ինչպես հայտնում է հայկական կողմը, կանանց ու երեխաների թիվը կազմում է 6000 մարդ… Չնայած այդ փաստին և չնայած նրան, որ նրանք կարողացան կապ հաստատել հակառակորդի հածանավի հետ, բացարձակապես չկան որևէ ապացույցներ, որ այս շրջանում նախկինում մտածում էին ապստամբության մասին: Ավելի հավանական է, որ դիմադրության նրանց դրդեր տեղահանության անխուսափելի փորձը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել