Ավստրիայի խորհրդարանի խմբակցությունները կոչ են անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Ավստրիայի խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները ընդունել են համատեղ հայտարարություն, ըստ որի 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը բնորոշվում է Ցեղասպանություն: Գրում է Kurier.at-ը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Եվրոպական պառլամենտի կողմից ցեղասպանություն որակավորումը ստանալու արդյունքում վերջին շրջանում 1.5 միլիոն հայերի սպանությունը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Պապը հայտարարել է, որ տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, ինչից հետո Թուրքիան հեռացրել է Վատիկանի իր դեսպանությունը իսկ նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը շեշտել է, որ Հռոմի պապի խոսքերն «անհեթեթություն են»:

Առաջին անգամ իրավիճակն այլ է պաշտոնական Ավստրիայի համար: Խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը նշում է նաև այն, որ հայերի հետ մեկտեղ Թուրքիայի քրիստոնյա համայնքի տասնյակ հազարավոր այլ անդամներ՝ արամեացիներ, ասորիներ, խալդեացիներ, պոնտացի հույներ դարձել են 100 տարի առաջ տեղի ունեցած կոտորածների զոհը:

Հայտարարությունը նշում է, որ Ավստրիան պարտավորվում է սարսափելի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն՝ կոչ անելով Թուրքիային՝ առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի էջերին և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ճանաչել որպես ցեղասպանություն:

Ազգային Խորհրդի հայտարարության վերջին մասում ասվում է, որ հայերի դեմ ուղղված ոճրագործությունը չպետք է մոռացության մատնվի. «Ազատության, խաղաղության ու մարդու իրավունքների մեր անքակտելի արժեքների ընկալումն անխզելիորեն կապված է բռնությունների, հետապնդումների, արտաքսումների ու զանգվածային սպանությունների զոհերի հիշատակն ըստ արժանվույնս պահելու հետ»:
Ավելի քան 20 երկիր հայերի կոտորածները ճանաչել է որպես ցեղասպանություն: Դա պատմական փաստ է: Ավստրիան մինչ այժմ խուսափում էր փաստը ճանաչելուց՝ հիմնավորելով, որ դա տեղի է ունեցել է մինչև 1948թ.՝ մինչև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի ընդունումը: Պաշտոնական Վիեննան Հոլոքոստը նույնպես ճանաչում է որպես այդպիսին:

Ավելի վաղ՝ այս ամսին, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դիմել էր Ավստրիայի նախագահ Ֆիշերին, կանցլեր Ֆայմանին, փոխկանցլեր Միթերլեներին և Ազգային ժողովի նախագահ Բուրեսին, խնդրանքով, որ Ավստրիան միանա «մյուս երկրների օրինակին» և ի վերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Չնայած Ազգային Խորհրդի ընդունած հայտարարությանը Ապրիլի 24-ին՝ Եղեռնի հիշատակի օրը՝ Ավստրիան Երևանում կներկայացնի դեսպանը: Նախագահ Ֆիշերը չի ընդունել հրավերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել