Ի՞նչ կազմ ունի արդարադատության խորհուրդը

ՀՀ «Դատական օրենսգրքի» 97–րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է ՀՀ դատական օրենսգրքրքով նախատեսված կարգով:

ՀՀ Սահմանադրության 94.1 հոդվածի համաձայն` Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության խորհուրդը:

Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:

Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի, իսկ ՀՀ «Դատական օրենսգրքի» 104–րդ հոդվածի համաձայն` արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայն:

ՀՀ Սահմանադրության 95–րդ հոդվածի համաձայն` արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով՝
1) կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.
2) եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.
3) առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները.
4) Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ.
5) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին։

Արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումները և այլ փաստաթղթերը հանձնվում են Վճռաբեկ դատարանի գրասենյակ (հասցե՝ քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոս՝ 511-778):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել