Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցի հայտարարությունը

Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցի համակարգող Թամարա Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հիմք ընդունելով Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը,

Ընդունելով կոալիցիայի մտահոգությունը, որ ՀՀ Կառավարության կողմից նորաստեղծ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի համապատասխանում անկախության, արդյունավետության, մասնակցության և մասնագիտական սկզբունքների վերաբերյալ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի և Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություններին,

Հաշվի առնելով, որ Կառավարությունը դեռևս որևէ էական քայլ չի իրականացրել Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից 2014թ. նոյեմբերի 28-ին Վարչապետին ուղղված ուղերձում բարձրացված հարցերի իրականացման ուղղությամբ,

Առաջնորդվելով հանրային կառավարման մասնակցային մարմինների գործառույթների, ձևավորման` բաց, թափանցիկ, մրցութային ընթացակարգերի և կազմակերպությունների ընտրության մասնագիտացված, ներկայացուցչական և իրատեսական չափորոշիչների սահմանման առկա մեխանիզմների բարելավմանն ուղղված ռազմավարական նպատակներով,

Կարևորելով երկրի քաղաքականությունների ընդունման գործընթացում Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն երկխոսություն շրջանակում քաղաքացիական կազմակերպությունների և նրանց ցանցերի կողմից առկա խնդիրների շուրջ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու նախապայմանը,

Նպատակ հետապնդելով Հայաստանում ունենալ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածների և միջազգային մյուս փաստաթղթերի, այդ թվում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի և Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունների պահանջներին համապատասխան ձևավորված անկախ, արդյունավետ, մասնակցային և մասնագիտական Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ.

Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը

Որոշում է՝

1. Միանալ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի 2015թ. մարտի 16-ի հայտարարությանը:
2. Սատարել Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ, արդյունավետ, մասնակցային, մասնագիտացված մարմին ստեղծելու և ապօրինի հարստացումը քրեականացնելու ուղղությամբ Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն փորձագիտական աշխատանքային խմբի ձևավորման հակակոռուպցիոն ցանցի նախաձեռնությանը:
3. Ներկա փուլում ձեռնպահ մնալ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար անցկացվելիք մրցույթին ցանցի անունից անդամ հասարակական կազմակերպությունների թեկնածուներ առաջադրելուց և մասնակցելուց,
4. Ի կատարումն Հանրային ցանցի 2012-2016թթ ռազմավարության Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ ձևավորել փոխգործակցության իրավական հիմքեր և գործողությունների պլան,
5. Խթանել Հայաստանում հանրային կառավարման մասնակցային մարմինների գործառույթների ձևավորման` բաց թափանցիկ, մրցութային ընթացակարգերի և կազմակերպությունների ընտրության մասնագիտացված, ներկայացուցչական և իրատեսական չափորոշիչների սահմանման առկա մեխանիզմների բարելավմանը:

Կարդացեք նաև` «Հանրային ցանցը» միացավ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությանը

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ