«Զարգացած կոռուպցիան պահանջում է կրթություն, զարգացած հակակոռուպցիան՝ նույնպես». Ֆրեդրիկ Գալթունգ

Ֆրեդրիկ Գալթունգը Հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտի լավագույն մասնագետներից է, նա բրիտանական «Ինթեգրիթի Էքշըն» միջազգային կազմակերպության համահիմնադիրն է և նախագահը:

Իրավաբան.net-ը պարոն Գալթունգի հետ զրուցել է կոռուպցիայի դեմ պայքարից: Փորձագետը անդրադարձել է կոռուպցիոն դրսևորումներին, պայքարի արդյունավետությանը, հակակոռուպցիոն կրթությանը և միջազգային փորձին: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր երկրին, ապա պարոն Գալթունգի խոսքերով՝ Հայաստանի նման պետությունները կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ցուցաբերեն յուրովի մոտեցումներ: Մանրամասները՝ հարցազրույցում:

– Պարոն Գալթունգ, շնորհակալություն հարցազրույցի առաջարկն ընդունելու համար: Առաջին հարցը՝ Ձեր փորձն ի՞նչ է հուշում: Ո՞ր դեպքում են պետությունները հաջողության հասնում կոռուպցիայի դեմ պայքարում, և ո՞ր դեպքում անհաջողության բախվում:

– Շատ կարևոր և լավ հարց է: Կարճ պատասխանը կլինի հետևյալը՝ եթե դիտարկենք երկրները, որոնք լավագույն արդյունքներն են գրանցում կոռուպցիայի դեմ պայքարում, դրանք նաև այն երկրներն են, որոնք լավագույնն են ժողովրդավարության, դատական համակարգի անկախության և այլ առումներով՝ առաջատար 35 երկրները: Կարելի է դրանք դասակարգել երկու խմբում. այս երկրները կամ փոքր են, կամ նրանցից շատ երկար ժամանակ է պահանջվել այս փոփոխություններին հասնելու համար՝ 75 կամ 150 տարի: Ուստի կասեմ, որ պետք է լինես կամ փոքր կամ համբերատար: Եվ փոքր ասելով՝ ես նկատի ունեմ 10 միլիոնից պակաս բնակչություն ունեցող: Ոչ մի երկիր, որ 10 միլիոնից ավելի բնակչություն ունի, չի կարողացել արագորեն հասնել փոփոխությունների: Այս առումով լավ նորություն է Հայաստանի համար այն, որ նա 10 միլիոնից պակաս բնակչություն ունի: Բայց բացասական կողմն այն է, որ 10 միլիոնից պակաս բնակչություն ունեցող շատ երկրներ մեծածավալ կոռուպցիա ունեն: Ուստի միայն այն, որ երկիրը փոքր է, չի նշանակում, որ ամեն ինչ հաջող կընթանա:

– Արդյո՞ք կարևոր է հակակոռուպցիոն կրթության ծրագրեր լինեն, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն հաջողվի որևէ երկրում:

– Այո և Ոչ: Դա պարտադիր պահանջ չէ: Անշուշտ կան շատ երկրներ, որոնք ունեն կոռուպցիայի ցածր մակարդակներ, բայց չունեն հակակոռուպցիոն կրթություն: Այնուհանդերձ, ես հետևյալը կասեմ՝ պետական բարեխղճության յուրաքանչյուր սյուն, որ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, կարիք ունի համալսարանական կրթությամբ անձանց: Եթե կրթությունը պետք է լուծման մի մասը լինի, ապա հարկավոր է ունենալ հակակոռուպցիոն կրթություն: Կա նաև երկրորդ պատճառը՝ եթե դու աղքատ մարդ ես, դու կարող ես գողանալ 10-20 դոլար, բայց հարյուր հազարավոր դոլարներ, մեկ միլիոն, երկու միլիոն դոլար գողանալ կարող ես միայն կրթված լինելու պարագայում: Անհնար է գողանալ 10 միլիոն դոլար՝ առանց շատ լավ իրավաբանի, շատ լավ բանկիրի, շատ լավ հաշվապահի, հակառակ դեպքում դու կբռնվես: Ուստի, զարգացած կոռուպցիան պահանջում է կրթություն, զարգացած հակակոռուպցիան՝ նույնպես:

– Մեր երկրում վերջերս ստեղծվել է հակակոռուպցիոն մարմին, որը, ըստ Կառավարության որոշման, պետք է ղեկավարի երկրի վարչապետը: Եվ դրան պետք է անդամակցեն նախարարներ, ՏԻՄ անդամներ, ԱԺ ընդդիմադիր խմբակցության անդամներ: Եվ ընդամենը երկու ՀԿ ներկայացուցիչ: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք այս կազմով կարող է արդյունավետ հակակոռուպցիոն խորհուրդը պայքարել կոռուպցիայի դեմ:

– Չեմ կարծում, որ կազմի խնդիրը ամենակարևոր հարցն է, քանի որ Խորհուրդը պետք է ռազմավարական ուղղություն մշակի և վերահսկողություն իրականացնի: Ուստի ռազմավարական վերահսկողության և աջակցության համար պետք է, որ շատ տարբեր ձայներ լինեն: Բայց նաև շատ զգայուն հարց է: Իրականում վարչապետը պետք է շատ կարևոր դերակատարում ունենա և նույնիսկ ղեկավարի Խորհուրդը, քանի որ ի վերջո վարչապետը առանցքային դերակատարում ունի Կառավարությունում: Դա, ըստ էության, հիմնական խնդիրը չէ: Գլխավոր մարտահրավերը և հարցն այն է, թե որն է ռազմավարությունը և ինչպես կիմանանք, թե ռազմավարությունն աշխատում է: Դա շատ ավելի մեծ հիմնահարց է:

– Ծանո՞թ եք արդյոք Վրաստանում կատարված բարեփոխումներին, հակակոռուպցիոն պայքարի փորձին:

– Կարծում եմ Վրաստանում շատ դրական կողմեր են գրանցվել, և նրանք շատ արդյունքների են հասել կարճ ժամանակահատվածում: Այնուհետև Սահակաշվիլիի կառավարությունը պարտվեց վերջին ընտրություններում: Քննադատություններ, այնուամենայնիվ, արվել են Վրաստանում իրականացված այս բարեփոխումների շատ կողմերի վերաբերյալ. առկա են ինչպես դրական, այնպես էլ թույլ կամ խնդրահարույց կողմեր, սակայն չենք կարող դիտարկել բոլոր մանրամասները: Ես կարծում եմ, որ շատ բան կարելի է սովորել Վրաստանից՝ կրկին մի երկրի օրինակ, որ փոքր է, 10 միլիոնից պակաս բնակչություն ունի, և կարողացել է արագորեն փոփոխություններ գրանցել: Մարտահրավերը, խնդիրը, սակայն, ոչ թե արագորեն փոփոխությունների հասնելն է, այլ այնպիսի փոփոխություններ արձանագրելը, որ տևական կլինեն և ավելի կբարելավվեն իրավիճակը: Եվ կոռուպցիայի դեմ պայքարում խնդիրներից մեկն էլ այն է, որ դու կարող ես առաջընթաց գրանցել, բայց և կարող ես հետընթաց ունենալ: Հարցերից է նաև այն, թե ինչպես կարելի է ամրապնդել ինստիտուցիոնալ մեխանիզմները և մարդկանց դարձնել փոփոխության մաս: Սա պարզապես կախված չէ մի քանի առաջնորդներից:

– Եվ վերջին հարցը: Արդեն իսկ հանդիպել եք մեր Կառավարության անդամներին: Ի՞նչ խորհուրդներ եք տվել, և արդյո՞ք նրանք ընդունել են Ձեր խորհուրդները:

– Ինչ վերաբերում է իմ տված խորհրդին, ես խոսել եմ բարեխղճություն կառուցելու և կոռուպցիայի դեմ պայքարի այլ մոտեցման մասին, որ կնախատեսի նաև քաղաքացիների և ՀԿ-ների ներգրավածությունը փոփոխության գործընթացին: Եվ մենք՝ իմ ղեկավարած Integrity Action կազմակերպությունը, նմանատիպ գործողությունները խթանում ենք արդեն 11 երկրներում: Բայց կարող եք տեսնել, որ նման խնդիրներ առկա են շատ երկրներում: Ուստի մենք խոսեցինք այլ ռազմավարական տարբերակի մասին, որը կփոխլրացնի նրանց կողմից արդեն իսկ պլանավորված գործողությունները: Եվ այս ռազմավարությունը կարող է շատ արագորեն արդյունքներ ցույց տալ. սա առաջին առավելությունն է: Երկրորդ առավելությունն այն է, որ այն կարող է ներգրավել շատ մարդկանց, և երրորդ առավելությունը, որ կարող ես բավականին ճշգրտորեն չափել արդյունքները: Իսկ թե արդյոք սա կկիրառվի, դեռ կտեսնենք:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ