ՄԻՊ զեկույցում բացահայտվում է Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում առկա կոռուպցիան

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում դեռևս չկան հաշմանդամության որոշման հստակ չափորոշիչներ, ինչը հանգեցնում է լուրջ կոռուպցիոն դրսևորումների, իսկ վերափորձաքննության իրականացման կարգը հիմնականում անարդունավետ է:

Նման եզրահանգում է առկա Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում: 2014թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատության խախտման մասին այս զեկույցում շեշտվում է, որ նախորդ տարվա ընթացքում Պաշտպանին ուղղված դիմում-բողոքները, ՀԿ-ների կատարած հարցումները վկայում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության գործունեության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ:

Զեկույցում կարդում ենք, որ պաշտպանի կողմից բազմիցս նշվել է, որ ԲՍՓ հանձնաժողովների կողմից հաշմանդամության խմբի սահմանման համար գործածվող, ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված չափորոշիչները բավականին լայն են ձևակերպված, ինչը չափազանց լայն հայեցողություն է տալիս հանձնաժողովի անդամներին որոշում կայացնելիս` արդյունքում հաճախ հանգեցնելով կամայականության և երկակի ստանդարտների կիրառման:

Ավելին, կոռուպցիայի դրսևորումների հավանականությունը մեծանում է այն դեպքերում, երբ համանման հանգամանքների դեպքում հնարավոր է հաշմանդամության տարբեր խմբեր սահմանել:
Ըստ զեկույցի՝ բժիշկները հաշմանդամության խմբերը սահմանելիս ունեցել են լայն հայեցողական լիազորություններ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է մի շարք կոռուպցիոն դրսևորումների:

Այսպես, հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ստացված բազմաթիվ դիմում-բողոքները, Պաշտպանի աշխատակազմը 2014 թվականին նախաձեռնել է ԲՍՓ մի շարք հանձնաժողովների գործունեության մշտադիտարկումներ փորձաքննություն անցած անձանց հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) առանձնազրույցների իրականացման միջոցով, որոնցով մի շարք դեպքերում հաստատվել է ոլորտում կոռուպցիայի առկայությունը:

Օրինակ, առանձնազրույցներում քաղաքացիները նշել են հաշմանդամության խումբ սահմանելու դիմաց ԲՍՓ հանձնաժողովի կողմից մի քանի ամսվա կենսաթոշակի չափով գումար պահանջելը, առանց պատշաճ հիմնավորման՝ հաշմանդամության խմբի փոփոխումը` ի վնաս քաղաքացու, կամ անձին հաշմանդամ չճանաչելը` պայմանավորված ԲՍՓ հանձնաժողովի անդամների` քաղաքացիներից ունեցած որոշակի գումարային ակնկալիքներով: Ընդ որում, համաձայն զեկույցի նշված ապօրինի գումարները հիմնականում պահանջվել և/կամ փոխանցվել են կամ ԲՍՓ հանձնաժողովի մեջ չընդգրկված միջնորդ անձի միջամտությամբ (որպես կանոն` նույն բուժհաստատության աշխատակցի), կամ անմիջապես ԲՍՓ հանձնաժողովի անդամներին:

Ավելին, տարբեր օրերի ՄԻՊ աշխատակիցները փորձաքննություն անցած անձանց հետ զրուցելիս արձանագրել են, որ ապօրինի գումարների փոխանցման միևնույն մեխանիզմ է գործում (օրինակ` միջնորդ անձի միջոցով, գումարը անձնագրի մեջ դրված և այլն) և գումարի միևնույն չափ է առկա՝ կոնկրետ հաշմանդամության խմբի դիմաց (օրինակ` 15.000-20.000 դրամ՝ 3-րդ խումբ սահմանելու դիմաց, կամ 2 ամսվա կենսաթոշակի չափով գումար):

Կոռուպցիոն երևույթների համատեքստում, Երևանի ԲՍՓ հանձնաժողովներում առկա իրավիճակի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները լրացուցիչ ուսումնասիրվել են նաև 2013-2014թթ. հաշմանդամություն ունեցող անձանց կողմից Պաշտպանին հասցեագրված բոլոր դիմում-բողոքները, որոնցից 5-ում քաղաքացիներն ուղղակիորեն նշել են կոնկրետ ԲՍՓ հանաձնաժողովներում կոռուպցիայի մասին:
Չնայած, որ համապատասխան դիմումներ են եղել ու անձիք կարգապահական տույժի ենթարկվել, սակայն զեկույցում նշվում է, որ շարունակում է խնդրահարույց մնալ ԲՍՓ հանձնաժողովի որոշման բողոքարկման և վերափորձաքննությունների արդյունավետության հարցը:

Այս ամենով հանդերձ զեկույցում առաջարկ է արվում ուժեղացնել վերահսկողությունը ԲՍՓ ոլորտում կոռուպցիայի դեպքերի բացահայտման և իրավապահ մարմիններին փոխանցման, 2014 թվականի դեկտեմբերի 25-ին հաստատված հաշմանդամության սահմանման չափորոշիչների գործնականում կիրառման ապահովման նկատմամբ, ստեղծել վերափորձաքննության իրականացման արդյունավետ մեխանիզմ` ապահովելու որոշումների բողոքարկման օբյեկտիվությունն ու անաչառությունը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ