Նորություններ

ՀԽ անդամներին ձերբակալել են ոչ թե իրենց բնակարաններում, այլ նախաքննության մարմնի շենքում. փաստաբան

Այսօր «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամները Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ անցկացնում էին հավաք` ի պաշտպանություն շարժման ձերբակալված անդամների:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը և համակիրները պահանջում էին ազատ արձակել շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր Արամ Հակոբյանին և շարժման անդամ Գևորգ Սաֆարյանին։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 7-ին, առավոտից սկսած խուզարկություններ են եղել ՀԽ-ի երևանյան և մարզային գրասենյակներում, «Սարդարապատ» շարժման գրասենյակում և մի քանի անդամների բնակարաններում: Խուզարկությունից հետո նրանք «հրավիրվել են» ոստիկանական բաժիններ և ձերբակալվել: Այժմ ձերբակալված է 7 անձ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին կետով արարք կատարելու կասկածանքով:

Հիշյալ իրավական նորմը սահմանում է. «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով»:

Հիմնադիր Խորհրդարանի փաստաբան Հայկ Գրիգորյանի խոսքերով` նրանք քաղբանտարկյալներ են, որոնց հանդեպ կիրառված քայլն ակնհայտ պատվեր է և դրա անօրինականության վառ ապացույց է ոստիկանությունում կազմված արձանագրությունը.

«Արձանագրությունը կազմելիս գրել են, որ ձերբակալման նպատակն է կանխել կատարվող հանցագործությունը, իսկ հիմքն այն է, որ նրանց ձերբակալել են հանցանք կատարելու պահին: Մինչդեռ նրանց ձերբակալել են ոչ թե իրենց բնակարաններում, այլ նախաքննության մարմնի շենքում»,- ասաց փաստաբանը:

Ազատությունից զրկված ՀԽ անդամներին Էրեբունու ձերբակալվածների պահման վայրում այցելել է Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ նրանց վրա չի նկատել բռնության հետքեր, տղաները ոգևորված են և վճռական, ասում են, որ պայքարը պետք է շարունակել` «ապրիլի 24-ը ուժի մեջ է»:

Փոստանջյանը իշխանության նման քայլը որակեց որպես վախի դրսևորում, որում իսպառ բացակայում են օրինական նորմերը: Նա իշխանություններին հորդորեց ազատ արձակել քաղբանտարկյալներին. «Նրանց ձերբակալել են քաղաքական այլ հայացքներ ունենալու համար, ինչպես որ միշտ արվել է Հայաստանում: Սա պարզապես քաղաքական ապօրինի հետապնդում է»:

Հաջորդ հավաքը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ ժամը 14:00-ին:

Հերմինե Վիրաբյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել