Ինչու՞ ԲՀԿ-ն որոշեց անդամակցել հակակոռուպցիոն խորհրդին

Կառավարության որոշմամբ փետրվարի 19-ին ստեղծված հակակոռուպցիոն խորհրդին անդամակցելու հրավեր ստացել են Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի բոլոր խմբակցությունները, սակայն  դեռևս միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունն է ընդունել հրավերը, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն մերժել են, իսկ ՕԵԿ-ը դեռևս չի կողմնորոշվել:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե հաշվի առնելով մյուս ուժերի խուսափողական պահվածքը, ինչու՞ ԲՀԿ-ն որոշեց անդամակցել այս խորհդրին, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով էլ հենց ներկայացնելու է խմբակցությունը հակակառուպցիոն խորհրդում, պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չորոշեցինք, ինչ-որ բաներ կայի՞ն մեզ խանագարող: Կուսակցությունը որոշել է, որ  մենք էդ ուղղությամբ որոշակի առաջարկություններ, մոտեցումներ ունենք և խոսելու փոխարեն պետք է գործ անել»:

Մ. Մելքումյանի խոսքով, եթե ի սկզբանե դատապարտվի նախաձեռնությունը, ասելով, թե կարող է արդյունավետ չլինել, ապա այդ տրամաբանությամբ պետք է օրենքներ էլ չգրվեն` պատճառաբանելով, թե դրանք չեն կատարվի: «Այլ բան է, որ  գնաս, տեսնես քո առաջարկությունները չեն ընդունվում, չեն արվում, դուրս գալը մեկից մեկ է, կհիմնավորես, որ այ այս պատճառներով նպատակահարմար չենք գտնում խորհրդին անդամակցությունը»,- ասաց Մ. Մելքումյանը:

Իսկ այն հարցին, որ դեռևս երկու տարի առաջ ԲՀԿ-ն հրաժարվում էր մասնակցել հակակոռուպցիոն նախկին խորհրդի նիստին` որոշակի պայմաններ դնելով, և թե ինչու այժմ համաձայնում է, Միքայել Մելքումյանն ասաց. «Լրիվ տարբեր իրավիճակներ են, 2012 թիվը 2015ի հետ չենք համեմատում»:

ԲՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ հազիվ թե իշխանություններն այս նախաձեռնությամբ «փիառ» են անում, քանի որ եթե նման քայլի են գնացել, ուրեմն քաղաքական որոշում կա: Իսկ ինչ վերաբերում է խորհրդին հասարակական կազմակերպություններից ընդամենը երկու ներկայացուցչի անդամակցությանը, Միքայել Մելքումյանն ասաց. «Ես միշտ էլ կողմ եմ ավելի թափանցիկ աշխատանքին, բայց եկեք սկսենք, հետո արդեն միգուցե թիվն ընդլայնվի»:

Աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված փորձ ունեցող շատ երկրներում կարևոր պայման է եղել ապօրինի հարստացման քրեականացումը: ՀՀ պատկան մարմիններին նման օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկություններ արվել են, սակայն մինչ օրս քայլեր չեն արված: Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի նման փոփոխության վերաբերյալ, Միքայել Մելքումյանը պատասխանեց.

«Ապօրինի հարստանալը ո՞րն է, որ հարկերը չի՞ վճարում: Իհարկե, ճիշտ չի, հարկերի պարտադիր վճարումը տեղավորվում է գործող օրենքների և վարչարարության մեջ»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ