Վարորդների խնդիրներից աշխատանքային իրավունք. իրավաբանի պարզաբանումները

Իրավաբան.net-ն մշտապես «Facebook.com» սոցիալական ցանցի միջոցով տարաբնույթ հարցեր է ստանում օգտատերերի կողմից: Այսուհետ՝ մենք պատասխանները կհրապարակենք կայքում: Հարցերին պատասխանել է ՀԵԻԱ պրակտիկանտ, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանող Տաթևիկ Մանուկյանը:

Հարց – ՀՀ քաղաքացին, ով երկու տարվա բնակության իրավունքով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, ՀՀ կողմից տրված Միջազգային վարորդական վկայականով (B կարգ) Գերմանիայում գտնվելու երկու տարվա ընթացքում իրավունք ունի վարել ավտոմեքենա, թե՞ երկիր մուտք գործելուց 6 ամիս հետո պետք է փոխի այն գերմանականով։

Պատասխան – Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է «Ճանապարհային երթևեկության մասին» 1968թ.կոնվենիցայի անդամ (Կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2006թ.): Կոնվենցիան սահմանում է, որ «Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքով միջազգային երթևեկության թույլատրել այն ավտոմեքենաները և կցասայլերը, որոնք համապատասխանում են Կոնվենցիայի III գլխում նախատեսված պահանջներին, և որոնց վարորդները համապատասխանում են IV գլխի պահանջներին»: Բացի այդ, «Պայմանավորվող կողմերը կճանաչեն՝

ա) իրենց ազգային լեզվով կամ իրենց ազգային լեզուներից մեկով կազմված կամ, եթե այդ լեզվով կազմված չէ` վավերացված թարգմանությամբ ուղեկցվող ցանկացած ազգային վարորդական վկայական,

բ) Կոնվենցիայի 6-րդ Հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած ազգային վարորդական վկայական, և

գ) Կոնվենցիայի 7-րդ Հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած միջազգային վարորդական վկայական` վավերական իրենց տարածքում` այն ավտոմեքենան վարելու համար, որը համապատասխանում է այն փոխադրամիջոցների տեսակին կամ տեսակներին, որոնք վարելու համար տրվել է վկայականը` պայմանով, որ նշված վկայականը վավերական է, և որ այն տրված է մյուս Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանումներից մեկի կողմից կամ Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանումներից մեկի կողմից լիազորված միավորման կողմից: Սակայն այս կետի դրույթները չեն կիրառվում աշակերտ-վարորդի վարորդական վկայականի նկատմամբ: Հետևաբար, եթե միջազգային վարորդական իրավունքը տրված է օրենքով սահմանված կարգով և չի լրացել գործողության ժամկետը, ապա այն ընդունելի կհամարվի Կոնվենցիայի անդամ երկրներում (ստորագրող կողմեր` 36, անդամ երկրներ` 70): Կոնվենցիայի անդամ երկրներն են` Հայաստան, Ավստրիա, Գերմանիա և այլն:

Կոնվենցիայի կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարց – Ես գտնվում եմ ֆիզարձակուրդում, երեխաս 1 տարեկան 8 ամսական է: Պլանավորում ենք ունենալ երկրորդ բալիկը: Ես կցանկանայի տեղեկանալ իմ իրավունքների մասին: Արդյոք հնարավո՞ր է ֆիզարձակուդից նորից անցնել ֆիզարձակուդի: Կպահպանվի՞ իմ տեղը, թե՞ ոչ: Դեկրետային գումար և երեխայի խնամքի համար նախատեսված գումարը կստանա՞մ արդյոք: Ինչպե՞ս նաև ես հղիության ընթացքում պետք է գնամ աշխատանքի, թե՞ ոչ:

Պատասխան – «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր աշխատունակության դեպքում նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի:

Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման օրվանից սկսած վեցամսյա ժամկետում: Ելնելով վերոգրյալից` եթե քաղաքացին գործատուի հետ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ (վարձու աշխատող է և հրամանով ազատված չէ աշխատանքից), ապա գործատուն նրան պետք է ընդհանուր հիմունքներով նշանակի և վճարի հղիության և ծննդաբերության նպաստ: Օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի` օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (հաշվարկային ժամանակահատվածի) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

Ինչպես նաև վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար: Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո): Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ:

Հարց – Ես մի քանի տարի առաջ մի անձի գումար եմ տվել, որպեսզի անշարժ գույք գնի և գնելուց հետո բաժանի գույքը, և ամեն մեկս իր բաժինը վերցնի: Բայց նա հրաժարվում է այդ գույքի իմ բաժինը ինձ տալուց: Իրավաբանական պայմանագիր չունեմ իր հետ կնքված, բայց ի վերջո կարողացա իր ձեռագրով մի թուղթ վերցնել, որտեղ հաստատում է, որ ինձնից գումար է վերցրել հիշյալ գործողության համար, առավել ևս այդ գրության ձայնագրությունն ունեմ: Հիմա ես ուզում եմ ինձ ասեք, արդյոք եթե դատարան դիմեմ այդ ստորագրված թուղթը և ձայնագրությունը կարող է փաստ համարվել, թե ընդհանրապես ոչ մի արժեք չունի:

Պատասխան – ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն` Գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

1. Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը արվում է այն փաստի մատնանշմամբ, որը կողմը ցանկանում է ապացուցել, և ապացույցի ներկայացմամբ:

2. Գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ներկայացվում է դրա պատշաճ վավերացված քաղվածքը:

Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

Իրեղեն ապացույցներ են այլ առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:

Այսպիսով, դատարան դիմելու համար ձայնագրությունները համարվում են իրեղեն ապացույց և դուք կարող եք այն ներկայացնել դատարան: Ինչպես նաև այն փաստաթուղթը, որով ապացուցվում է, որ դուք նրան տվել եք որոշակի գումար վերը նշված գործողությունը կատարելու համար:

Հարց – Գնել եմ ճապոնական մեքենա 3300 դոլարով և տեղափոխման համար վճարել 1700 դոլար: Մեքենայի տարեթիվը 2006թ.-ն է, ըստ օրենքի պետք է գանձվի 34%, բայց ո՞ր գնի 34%-ի մասին է խոսքը (նկատի ունի հանրագումարի, թե միայն մեքենայի): Կարելի է իմանալ՝ ինչպես վարվել՝ գումարը փոխանցվել է բանկի միջոցով, աճուրդի թուղթն էլ կա:

Պատասխան – Մինչև 10 տարվա ավտոմեքենաների մաքսազերծման գումարը կազմում է ՝ 34%-ը, ընդ որում 34%-ը գանձվում է ելնելով ավտոմեքենայի գումարի չափից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել