Նախարարի «բիզնես» կարգի տոմսը կրկնակի թանկ է գնվել.  նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ» -3

Պետական բյուջեից արտասահմանյան գործուղումների համար էկոնոմիկայի և էներգետիկայի և բնական պաշարաների նախարարությունները 2014 թվականի  ընթացքում մեկ անձից գնել են համապատասխանբար`  6.8 միլիոն դրամի (մոտ 14 230 դոլար) և 8.5 միլիոն դրամի (մոտ 17 758 դոլար) ավիատոմս: Հիշեցնենք, որ նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք արդարադատության, կրթության և գիտության, գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների կողմից ավիատոմսների գնումներին:

Ինչպեսև նախորդ հրապարակումներում նկատվում է, նախարարները նախընտրում են «բիզնես» կարգով ուղևորությունները, որոնք առնվազն կրկնակի անգամ թանկ են լինում սովորական տոմսերից:

Այսպիսով, հունիսի 25-27-ը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը գործուղվել են Բրյուսել` Եվրոպական հանձնաժողովի համապատասխան գլխավոր տնօրինություններում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու համար: Գործուղման վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում ընդունել է գործուղման ավարտի օրը` հունիսի 27-ին:

Երևան-Պրահա-Բրյուսել, Բրյուսել-Պրահա-Երևան ուղղություններով «ՍՍ Թրեվլ» ընկերությունից գնվել է մեկական «բիզնես» կարգի և մեկական «էկոնոմ» կարգի տոմսեր: «Բիզնես» կարգով ճանապարհորդել է նախարար Կարեն Ճշմարիտյանը: Գործարքի արժեքը կազմել է 1 միլիոն 789 հազար դրամ: Առուվաճառքի պայմանագիրը կնքվել է գործուղման ավարտից հետո` հունիսի 30-ին:

Գարեգին Մելքոնյանի համար գնված «էկոնոմ» կարգի տոմսերի արժեքը կազմել է 650 հազար դրամ, իսկ նախարարի համար գնված «բիզնես» կարգի տոմսերինը` 1 միլիոն 139 հազար դրամ, այսինքն` գրեթե կրկնակի անգամ թանկ:New Picture (10)

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու նրա առաջին տեղակալ Արեգ Գալստյանը` հոկետմբերի 30-31-ը գործուղվել են Մոսկվա`Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով: Նրանց գործուղման ծախսերի մասին վարչապետի որոշումը ընդունվել է գործուղման ավարտից 17 օր անց` նոյեմբերի 17-ին:

Այս անգամ թե նախարարը, թե փոխնախարարը ճանապարհորդել են «բիզնես» կարգով, ինչը պետական բյուջեի համար արժեցել է 1 միլիոն 313 հազար դրամ: «Արմենիա Թարվել +Մ» ընկերությունից գնված մեկ տոմսի արժեքը եղել է  656 500 դրամ, այնինչ` «էկոնոմ» կարգով ճանապարհորդելու դեպքում ծախսերը առնվազն եռակի անգամ քիչ կարող էին լինել:

New Picture (12)New Picture

Նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 8-11-ը նույնպես գործուղվել է Մոսկվա` մասնակցելու «ԱՏՈՄԷՔՍՊՈ» 6-րդ միջազգային ֆորումին: Նախարարի այս ուղևորության միայն ավիատոմսերի արժեքը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Նրա համար «Լինկ տուր» ընկերությունից գնվել է «բիզնես» կարգի մեկական տոմս Երևան-Մոսկվա, Մոսկվա-Երևան ուղղություններով:New Picture (1)

Հետաքրքրական է, որ հունիս ամսին նույն ուղղություններով մեկ անձի համար գնված «բիզնես» կարգի տոմսն արժեցել է 1 միլիոն դրամ, իսկ հոկտեմբերին` 656 500 դրամ: Գիտենք, որ Մոսկվան հանգստյան գոտի չէ համարվում և եղանակից կախված տոմսերի գների փոփոխություններ առանձնապես չեն լինում, ինչպես, օրինակ, նույն Ռուսաստանի Սոչի քաղաքի դեպքում է:

Այսինքն, այս դեպքում ոչ միայն խնայողություն չի եղել «բիզնես» կարգի տոմսը «էկոնոմով» փոխարինելու առումով, այլ նույնիսկ հակառակը` արդեն իսկ թանկ տոմսը գնվել է էլ ավելի թանկ գնով:

Նշենք նաև, որ այս դեպքում գործուղման դեպքում էլ ծախսերի վերաբերյալ վարչապետի որոշումն ընդունվել է գործուղման ավարտից հետո` հունիսի 27-ին:

Ի դեպ, 2014 թվականի դեկտեմբերի 11-12-ին փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ու կառավարության ղեկավար-նախարարի խորհրդական Սեդրակ Բարսեղյանը նույնպես գործուղվել են Մոսկվա` ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար: «Ատլանտիս տուր 4+1» ընկերությունից գնվել է Երևան-Մոսկվա-Երևան ուղղություններով մեկական «բիզնես» և «էկոնոմ» կարգի տոմսեր:

«Բիզնես» կարգի դեպքում ուղևորությունն արժեցել է 554 հազար դրամ, իսկ «էկոնոմը»` 167 հազար դրամ: Անհասկանալի է, թե ինչպես կարող էր 5 ամիս անց  նույն ուղղություններով տոմսերի գինը գրեթե կրկնակի էժանանալ:New Picture (14)

Հ.Գ. Հաջորդաբար կներկայացնենք նախարարությունների կողմից արտասահմանյան գործուղումների տոմսերի գնումները:

Շարունակելի

ԱստղիկԿարապետյան

Տես նաև`

Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ» -2

Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ»

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ