ՀԱԿ-ը նույնպես չի անդամակցի հակակոռուպցիոն խորհրդին

Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհրդին Ազգային ժողովի ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունից ոչ ոք չի անդամակցի: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ փետրվարի 19-ին ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդը, որը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, անդամակցելու են ֆինանսների, արդրադատության նախարարները, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձնանց հանձնաժողովի նախագահը, հանրային խորհրդի նախագահը, համայնքների միության մեկ ներկայացուցիչ, քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ և ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ:

Արամ Մանուկյանի խոսքով, այս խորհուրդը չի կարող արդյունավետ գործել, քանի որ ղեկավարվում է ՀՀ վարչապետի կողմից, դրան անդամակցում է ֆինանսների նախարարը: Այսինքն` խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ղեկավարում են պետական բյուջեի մուտքերն ու ելքերը:

«Կոռուցպիան հենց կառավարման այդ համակարգում է, և ոչ ծաղկավաճառների կամ գրավաճառների մոտ: Ինչպե՞ս կարող է այդ համակարգի ղեկավարը հենց այդ համակարգի դեմ պայքարել: Սա միֆ է, բլեֆ է` միջազգային կառույցներին խաբելու համար: Արդյունք սպասել պետք չէ»,- ասաց Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է խորհրդին ընդամնեը երկու հասարակական կազմակերպության ներկայացուցիչ ներառելուն, Արամ Մանուկյանն ասաց. «Ասենք` 2-3 հասարակական կազմակերպության ներկայացուցիչ եղավ, ի՞նչ են փոխելու նրանք: Գնալու են, մա՞տ թափ տան  վարչապետի վրա, ասեն` էս ի՞նչ ես անում,  դատարան կտանք: Ծիծաղելի է»:

Նա նշեց նաև, որ մինչ այս էլ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրեր են մշակվել, դրամաշնորհներ ստացել, սակայն տարիների ընթացքում կոռուպցիայի ցուցանիշն ավելի է բարձրացել:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ դեռևս ձեռնպահ են մնալու խորհրդին անդամակցելուց:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ