Նորություններ

Մենք չենք ցանկանում, որ քաղաքացին անտեղի ծախս կատարի. Գուրգեն Մալխասյան

«Մալխասյանց փաստաբանական կենտրոն»-ի տնօրեն, փաստաբան Գուրգեն Մալխասյանի խոսքերով՝ իրավաբանությունն ընտանեկան մասնագիտություն է: Փաստաբանական գրասենյակի ղեկավարի հետ խոսել ենք կենտրոնի գործունեությունից, դատարանում և դատարանից դուրս վարչական իրավահարաբերություններից և իրավաբանի համար՝ սահմանադրական նորմերից: Մանրամասները՝ «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի հերթական հարցազրույցում:

– Ինչպե՞ս ծագեց փաստաբանական գրասենյակ ստեղծելու գաղափարը:

– Գաղափարը ծագեց ընտանեկան իրավաբանական ուղղվածությունից, դեռևս 1972թ.-ից հայրս լինելով իրավաբան, երկար տարիներ աշխատել է նաև որպես փաստաբան, այնուհետև իրավաբանական կրթություն ստանալուց հետո, ես նույնպես անցա այդ աշխատանքի: Փաստաբանությունն ինձ համար եղել է առանցքային տեղում, եղել են առաջարկներ պետական ոլորտում աշխատելու, ես տարբեր գործունեություն եմ իրականացրել՝ մեր երկրի նորաստեղծ հիմնարկներում, օրինակ, քաղծառայության համակարգի ներդրման ժամանակ առաջին իրավաբանական վարչության պետը ես եմ եղել, դրանից հետո նոր ստեղծվող Աշխատանքի պետական տեսչությունում եմ աշխատել, ԱԺ-ում, այնուհետև Գյումրու փոխքաղաքապետ եմ եղել, սակայն ես անձամբ դիմում ներկայացրի, որպեսզի վերադառնամ իմ սիրած աշխատանքին՝ իրավաբանությանը:

– Ե՞րբ ստեղծեցիք գրասենյակը:

– Երբ ես փոխքաղաքապետ էի աշխատում, իմ որդիները ավարտեցին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը և նրանք հիմնեցին գրասենյակը, շուրջ 3 տարի առաջ:

Այսինքն՝ իրավաբանությունը ընտանեկան մասնագիտություն է Ձեզ համար:

– Այո, դրա համար էլ «Մալխասյանց» է կոչվում: Իմ դուստրն էլ է ներկայումս սովորում է իրավագիտություն: Իմ կարծիքով՝ իրավաբանների ընտանիքում մեծացած երեխայի ենթագիտակցության մեջ ի սկզբանե կա մասնագիտական տերմինալոգիան, մոտեցումներն ու մտածելակերպը, ուստի ավելի հավատարժան է, որ նա լավ կադր կդառնա: Բոլոր դեպքերում արդյունավետությունը ես տեսնում եմ: Ես բավարարված եմ ինձ զգում իմ որդիների մասնագիտական հմտություններով և անընդհատ զարգացնելու իրենց ձգտումով: Նրանք երկուսը Փաստաբանների դպրոցի սան են ու շուտով կավարտեն: Միաժամանակ մեր փաստաբանական գրասենյակում մենք փորձում ենք ապագա կադրեր ընտրել, բուհերից մեզ մոտ շատերին են ուղարկում պրակտիկայի:

Արդյոք ունե՞ք մասնաճյուղեր մարզերում:

– Այս պահին մենք ունենք մասնաճյուղ Գյումրիում, ինչպես նաև Իջևանում: Պատրաստվում ենք նաև բոլոր մարզկենտրոններում ստեղծել մեր մասնաճյուղերը, որովհետև իսկապես սա ոչ միայն բիզնեսի տեսանկյունից է շահավետ, այլ նաև իրական իրավաբանական ծառայության մատուցելու մղումից և ժողովրդին օգտակար լինելու տեսանկյունից:

Ընտանեկան վեճեր, ըստ էության լուծում եք, բացի այդ՝ ի՞նչ ոլորտում եք աշխատում:

– Մենք հիմնականում զբաղվում ենք քաղաքացիական վեճերով և վարչական: Վարչական ներկայացուցչությունից սկսած, որը որ շատ անհրաժեշտ է: Իմ համոզմամբ՝ այսօր վարչական ներկայացուցչությունը դատականից ոչ պակաս կարևոր է, քանի որ դրանից է ածանցվում հետագան, եթե ճիշտ վարչական ներկայացուցչություն ապահովվի, շատ դեպքերում դատարանում վեճը քննելու անհրաժեշտությունը կվերանա: Վարչական մարմնում քաղաքացին չի կարող իր իրավունքը ճիշտ ներկայացնել, այս մարմինն էլ երբեմն թերանում է, որն էլ խնդիր է առաջացում: Իսկ եթե վարչական մարմնում փաստաբանը գնում է և ճիշտ ներկայացնում խնդիրը, ապա տվյալ մարմնի ներկայացուցիչը տեսնում է, որ իրականությունը և օբյեկտիվ լուծումը կա, ուստի՝ շատ ժամանակ ընդառաջ է գնում կամ եթե անգամ ցանկություն չունի, ապա մտավախություն է առաջանում, որ հարցը դատարանում բարձրացվելու դեպքում նա միևնույն է պատասխանատվության է ենթարկվելու, ինչո՞ւ բարդացնել: Վարչական ներկայացուցչությունն այսօր շատ կարևոր հանգամանք է: Բացի այդ մենք զբաղվում ենք քաղաքացիական գործերով՝ օրենսգրքի բոլոր ճյուղերով՝ սկսած ժառանգությունից և գույքային վեճերից, ընտանեկան վեճերից, աշխատանքային վեճերից և այլն:

Ձեր գործերով հաղթանակները տոկոսային առումով որքա՞ն են կազմում:

– Ճիշտն ասած՝ ես նման վիճակագրություն չեմ վարում, սակայն ունեմ մի կարևոր սկզբունք՝ եթե գործն ուսումնասիրում եմ ու տեսնում, որ դրա լուծման իրավական հնարավորությունը 80 տոկոսից ցածր է, ապա բոլոր դեպքերում տեղեկացնում եմ ու աշխատում եմ այն չվերցնել: Մենք չենք ցանկանում, որ քաղաքացին անտեղի ծախս կատարի՝ թեկուզ և իրավունքների պաշտպանության համար, բացի այդ՝ չենք ցանկանում, որ այդկերպ մեր հեղինակության վրա շուք գցի: Ամենաբարդ գործն էլ, եթե ես ներքին համոզմունք չունեմ, որ իրավական արդյունավետություն կարող եմ ապահովել, չեմ վերցնի: Որպես սահմանադրական կանոն մեր գրասենյակում գործում է մի սկզբունք՝ մենք ոչ մի գործով երբեք արդյունք չենք երաշխավորում: Մենք երաշխավորում ենք առավելագույնս որակյալ իրավաբանական ծառայություն:

Իսկ որևէ կարգախոս ունե՞ք:

– Ընդհանուր առմամբ մենք շատ ենք օգտագործում՝ իրավունքի գերակայությունն օրենքի հանդեպ կարգախոսը, մենք հիմնականում որդեգրել ենք այդ սկզբունքը, որ բոլոր դեպքերում իրավունքն է  գերակա և օրենքը ստեղծված է այդ իրավունքն իրականացնելուն նպաստելու համար: Երբեմն օրենքը վկայակոչելով, որ սահմանափակում են հիմնարար իրավունք, դա ըստ մեզ սխալ է: Փառք Աստծո, մեր երկրում՝ դատական համակարգում որդեգրվում է նաև այդ սկզբունքը, որ դեպքերում իրավունքի առաջնահերթությունն է խոսում:

Հարցազրույցը`Գևորգ Թոսունյանի

 Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան 

Այս շարքի մյուս հարցազրույցներն են`

Իրավաբանական սխալի ապահովագրման ինստիտուտը պետք է կայանա Հայաստանում. Տարոն Սիմոնյան

«Դատավորները մտնում են փաստաբանական շուկա». Գևորգ Գյոզալյան

Եթե գործը վերցնում ես, պետք է մինչև վերջ տանես. «Մեժլումյան և Պետրոսյան» գրասենյակ

Ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ չկա, մեզ մոտ ևս. Լևոն Գևորգյան 

Փաստաբանի աշխատանքում ամենակարևորը անհատական շփումներն են. Վարուժան Վարդանյան

Իրավաբանի մասնագիտությունը նաև պարտավորեցնում է բարոյական առումով. Գրիգոր Մինասյան

Իրավաբանական ընկերություններում կարևորը մարդիկ են. Սեդրակ Ասատրյան 

«ԱրՆի» փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել ՄԻԵԴ-ում դատական գործն ընդդեմ Հայաստանի

Փաստաբանական ինստիտուտի զարգացմանը խոչընդոտում սոցիալ-տնտեսական վիճակը 

«Ընկերությունը պատվիրատուների խնդիրները լուծում է միայն իրավական ճանապարհով». Արա Զոհրաբյան

«ԼեգալԼաբ»-ի իրավաբանները որոշել են ոլորտում աշխատանքային մշակույթ զարգացնել

«Գործը ստանալիս` թիմով ենք աշխատում, թիմով ենք պատասխանատու». իրավաբանական ընկերության համահիմադիր

Իրավական պետության գաղափարը բոլորին օրենքի առաջ հավասարազոր տեսնելն է

Իրավաբան.net

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել