Խնդիր է դրված ստեղծելու տպավորություն, որ պայքար է գնում կոռուպցիայի դեմ. Միքայել Զոլյան

Սկզբունքորեն հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումն արդեն խոսում է այն մասին, որ պետական կառույցները չեն աշխատում: Նման կարծիք ունի պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում, անդրադառնալով հակակոռուպցիոն խորհրդի գործունեության արդյունավետությանը, նա ասաց. «Ցանկացած պետության մեջ կան կառույցներ, որոնք, ի թիվ այլ գործառույթների, ի սկզբանե պետք է զբաղվեն կոռուպցիայի դեմ պայքարով, այդ մարմիններն են՝ ոստիկանություն, դատախազություն, դատարաններ, որոնք պետք է նաև ՀԿ-ների և մամուլի օգնությամբ զբաղվեն դրանցով: Այսօր եթե մենք վերցնենք մեր ԶԼՄ-ների աշխատանքը հսկայական քանակությամբ նյութեր կան, որոնք նույն դատախազությունը կարող էր ստուգել և դա արդեն կլիներ կոռուպցիայի դեմ պայքար: Ուստի՝ այս խորհրդի ստեղծումը արդեն իսկ հարցեր է առաջացնում՝ ինչի՞ համար է պետք հակակոռուպցիոն խորհուրդը, եթե կան նշված պետական մարմինները: Արդեն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սա իմիտացիոն գործընթաց է, խնդիր է դրված ստեղծելու տպավորություն, որ պայքար է գնում կոռուպցիայի դեմ»:

Փորձագետը գտնում է, որ այս խորհուրդի ստեղծումը կարող է ուղղված լինել՝ թե՛ միջազգային կառույցներին, թե՛ որոշակի հասարակական կարծիք ստեղծելու գործընթացին և թե՛ որոշ քաղաքական իրավիճակում օգտագործելուն. «Մենք արդեն տեսել ենք, որ այս կամ այն քաղաքական գործիչը կամ թեկուզ ոչ քաղաքական գործիչը հայտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում և նրա դեմ ինչ-որ մեղադրանքներ են առաջադրում, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի: Հակակոռուպցիոն խորհուրդը կարող է նաև այդ գործիքը լինել: Համենայն դեպս, ես որևէ հույսեր այս խորհրդի հետ չեմ կապում»,- նշեց պարոն Զոլյանը:

Ըստ նրա կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու համար հարկավոր է ունենալ ինչպես ազատ մամուլ և դատարաններ, այնպես էլ ապահովվել իշխանության տարբեր ճյուղերի բաժանումը. «Երբ ամեն ինչ՝ դատական, գործադիր, օրենսդիր իշխանությունը, դե ֆակտո, կենտրոնացված է մեկ քաղաքական ուժի ձեռքում, ապա այդ ուժը որևէ մոտիվացիա չունի ինքն իր դեմ պայքարելու համար: Ամբողջ աշխարհում դրա համար ստեղծված են տարանջատվածության սկզբունքներ: Եթե մենք ուզում ենք երկարատև հաղթանակ ապահովենք կոռուպցիայի դեմ, ապա ամենակարևորը դատարանների և մնացած պետական հաստատությունների անկախությունն է»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ