Հարուցվել է քրեական գործ` մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրու թատերական հրապարակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին՝ կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։

2015 թվականի մարտի 28-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաններում, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել Երևանի բնակիչ Հ.Միրզոյանին։ Նախնական ախտորոշմամբ՝ քաղաքացուն պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կողմնային պատի 9-րդ և 10-րդ միջկողային տարածքի կտրած-ծակած թափանցող վերք։

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն, նշանակվել փորձաքննություն։

Հ.Միրզոյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ Վերջինս ցուցմունքներ է տվել դեպքի հանգամանքների մասին և նշել, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո իրեն լուսանկար են ցույց տվել, որում ինքը ճանաչել է իրեն մարմնական վնասվածք պատճառած անձին և նկարագրել նրան։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ տուժողի կողմից լուսանկարում մատնանշված անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար։

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել