80-ամյա կոշկակարը մեղավոր է ճանաչվել` 9 մլն դրամ արժողությամբ մեքենայի հրդեհվելու համար

Կոշիկների վերանորոգմամբ զբաղվող 80-ամյա Հարություն Ավշարյանը մեղավոր է ճանաչվել ուրիշի գույքը անզգուշությամբ վնասելու համար: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ,  որպես պատիժ պարտավորեցրել է նրան 300 հազար դրամի տուգանք վճարել և 153 հազար դրամ` որպես դատական ծախս:

Մեղադրական այս դատավճիռը մտել է ուժի մեջ: Ամբասատնյալն ու իր պաշտպանը դատավճիռը բողոքարկել էին վերաքննիչ ատյանում` պահանջելով բեկանել առաջին ատյանի դատավճիռը` արդարացնելով Հարություն Ավշարյանին կամ ուղարկել նոր քննության: Սակայն վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքները: Իսկ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գործը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 80-ամյա այս մարդը օրվա ապրուստը վաստակելիս է եղել կոշիկներ վերանորոգելով` Երևանի Ամիրյան 13 շենքի բակում տեղադրված իր տաղավարում:  Համաձայն գործի նյութերի` գործով չպարզված հանգամանքներում դեպի տաղավար ապօրինի մոնտաժված էլեկտրական հոսանքալարերի շահագործման հետ կապված նրա անզգույշ վերաբերվելու հետևանքով տաղավարում գտնվող ապահովիչներին միակցված հաղորդալարերի հպումներից առաջացել է կարճ միակցման հոսանք:

Եվ դրա հետևանքով էլ 2013 թվականի մարտի 15-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում տաղավարի ներսում հրդեհ է բռնկվել՝ այրելով տաղավարն ու դրա մոտ կայանված, գործով տուժող անցնող Լիոն Բարբարյանի «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածը՝ մեքենայի տիրոջը անզգուշությամբ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 9.100.000 դրամի գույքային վնաս:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լյուդվիկ Դավթյանից Իրավաբան.net-ը տեղեկացավ, որ Լիոն Բարբրյանը որպես հասցված վնասի փոխհատուցում ստանալու հայցապահանջով դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն դատարանը, Արա Կուբանյանի նախագահությամբ, գործի վարույթը կասեցրել է` մինչև վերոհիշյալ քրեական գործի ավարտը: Փաստաբանը հայտնեց նաև, որ քաղաքացիական գործը դեռևս չի վերսկսվել:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել