Ի՞նչ է հարկավոր անմեղության կանխավարկածը չխախտելու համար

«Անմեղության կանխավարկածը կարող է ոտնահարվել յուրաքանչյուրի կողմից, ով անտեսում է դատական համակարգի կողմից կայացվելիք դատավճռի առկայությունը և նախքան դատավճիռը հայտարարում է, որ ինչ-որ արարքում անձը մեղավոր է, քանի որ այս դեպքում տեղի է ունենում անմեղության կանխավարկածի խախտում»,- այս մասին ասաց իրավաբան Վահե Հովհաննիսյանը: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ և դրանով ապացուցված չէ մեղքը կոնկրետ հանցագործության կատարման մեջ, հետևաբար չի կարելի ասել, որ անձը մեղավոր է:

Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, եթե անմեղության կանխավարկածը խախտվում է կենցաղային խոսակցությունից ելնելով կամ ինչ-որ օրինակ բերելով՝ ապա դա կարելի է համարել պարզապես զրույց, իսկ եթե դա արվում է ինչ-որ պաշտոնական անձի կողմից, ապա դրան կարելի է այլ կերպ վերաբերվել և իրավաբանորեն համապատասխան որակավորում տալ:

Իսկ երբ անմեղության կանխավարկածը ոտնահարվում է հրապարակայնորեն, արդեն առաջ են գալիս իրավախախտման հետևանքներ և այս պարագայում կարող է հարց առաջանալ զրպարտության մասին. «Եթե ասում ենք, որ դու այս հանցագործությունն ես կատարել, ուրեմն պետք է ապացուցենք դա և ներկայացնենք համապատասխան փաստաթուղթ իսկ ապացույց չունենալու դեպքում կարող ենք հայտնվել տհաճ իրավիճակում, ինչն էլ կարող է բերել զրպարտության»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ անմեղության կանխավարկածը չխախտելու համար, առաջին հերթին պետք է մարդկանց մոտ և ընդհանրապես հասարակության մեջ բարձրացնել իրավագիտակցության մակարդակը. «Հարկավոր է մարդկանց բացատրել, որ քանի դեռ չունենք դատական ակտ, որով ապացուցվել է անձի մեղավորությունը, մենք չենք կարող ասել, որ նա մեղավոր է կամ կատարել է այս հանցանքը»,-նշեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում պարոն Հովհաննիսյանը ավելացրեց՝ «Քանի դեռ մարդը համարվում է կասկածյալ, նա մեղավոր չի կարող համարվել»:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ելենա Արամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել