Հակակոռուպցիոն խորհրդում շահերի բախում կա. մասնագետ

Հակակոռուպցիոն խորհրդում շահերի բախում կա: Վստահ է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը: Այս խորհրդում ընդգրկվելու են մի շարք պետական մարմինների ներկայացուցիչներ, մասնավորապես ՀՀ վարչապետը, Ֆինանսների նախարարը, Գլխավոր դատախազը, ՏԻՄ ղեկավարներ:

Անդրադառնալով այս հանգամանքին՝ մասնագետն ասաց. «Եթե խոսենք խորհրդի սահմանված նպատակների և դրանց իրագործման հնարավորությունների մասին, ապա այստեղ դրական գնահատական չի կարող լինել, որովհետև հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, որում որ վերահսկումն իրականացվի այն մարմնի կողմից, որի ղեկավար կազմում ներառված են անձիք, ովքեր ղեկավարում են պոտենցիալ վերահսկվող մարմինները: Այստեղ շահերի բախում կա և այս պարագայում էֆեկտիվությունը խիստ կասկածելի է: Այսինքն՝ եթե հակակոռուպցիոն խորհրդի նպատակը վերահսկելն է կոռուպցիան պետական մարմիններում և հակակոռուպցիոն խորհրդի կազմի մեջ ներառված են պետական մարմինների անմիջական ղեկավարներն, ապա ըստ էության պայքարը կրելու է իմիտացիոն բնույթ»,- ասաց մասնագետը:

Խոսելով ՔՀԿ ներկայացուցիչների ընդգրկվածության հարցից, պարոն Հովհաննիսյանը նշեց. «Այս տեսանկյունից, եթե մենք խոսենք ՀԿ-ների ներգրավման մասին, դա խնդիր է առաջացնում՝ անկախ նրանից, թե քանի ու ինչպիսի կազմակերպություն կներգրավվի: Խնդիրն այն է, որ ի սկզբանե տրամաբանությունից դուրս խորհրդի կազմերում ընդգրկվելը, ոչ մի արդյունքի չի կարող հանգեցնել: Եթե դու գիտես, որ այդ խորհուրդը էֆեկտիվ չի գործելու, քո ներգրավմամբ որպես ՔՀԿ, պարզապես լեգիտիմացնում ես ու հնարավորություն ես տալիս, որ այն չգործելով ասի, որ գործում է, սա մեծ վնաս է»,- կարծիք հայտնեց «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավարը:

Այն հարցին, թե նպատակը որն է ստեղծել խորհուրդ, որն ըստ էության չի գործի, մասնագետը պատասխանեց. «Որովհետև պետք է ստեղծել խորհուրդ: Բոլոր միջազգային նմանատիպ գործընթացներում, որոնք որ կապված են կոռուպցիայի հետ, միշտ անհրաժեշտ է համարվել մասնագիտացված և թիրախավորված մարմին ստեղծել, որը զբաղվելու է կոռուպցիայի դեմ պայքարով: Սա որպես պահանջ, առաքելություն և որպես խորհուրդ տարբեր տիպի միջազգային հաշվետվություններում ու փաստաթղթերում բազմիցս ֆիքսվել է: Հայաստանն արդեն առանց այդ էլ ուշացնում էր այդ պահանջը՝ հիմնավորելով, որ մշակում է ռազմավարություն, բայց ի վերջո ստեղծեց, որովհետև պահանջն այդպիսին էր»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ