Նորություններ

«Վեց ամսվա ընթացքում ժառանգությունը չընդունելը նշանակում է նրանից հրաժարում». փաստաբան

Ժառանգության խնդրին կարող է բախվել ցանկացած ոք։ Խնդրին որոշակիորեն ծանոթանալու համար զրուցենք փաստաբան Աղավնի Մադոյանի հետ:

-Ովքե՞ր կարող են դառնալ ժառանգ:

– Առաջին հերթին ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

Երկրորդ հերթին` ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:

Երրորդ հերթին ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը:

Չորրորդ հերթին` ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:

– Իսկ եթե արյունակցական հարաբերություն չկա, կարո՞ ղ է անձը դառնալ ժառանգ:

– Այո՛, ըստ կտակի՝ կարող է, իսկ ըստ օրենքի՝ ոչ, բայց ըստ օրենքի՝ ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո:

– Կա՞ ժամկետ ժառանգությունը ստանալու համար, այսինքն եթե ժառանգը երկրում չէ, կարո՞ղ է տարիներ անց գալ և տիրանալ ունեցվածքին:

– Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Այն կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Սահմանված ժամկետում ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը, նշանակում է  հրաժարում:

– Այդ դեպքում ո՞վ է տնօրինում ունեցվածքը:

– Եթե չկան ո՛չ ըստ կտակի և ո՛չ էլ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ:

Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:

-Իսկ ընդունման եղանակի մասին ի՞նչ կասեք:

Գոյություն ունի ժառանգության ընդունման 2 եղանակ, առաջինը` ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին՝ դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ երկրորդը՝  տիրապետման փաստի ուժով ժառանգության ընդունունմամբ: Այսինքն՝ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը:

Լիլիթ Շաբոյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել