Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովն իր ողջ գործունեության ընթացքում ընդամենը 4 վարույթ է հարուցել

Untitled-2Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովն իր ողջ գործունեության ընթացքում ընդամենը 4 վարույթ է հարուցել՝ կայացնելով 8 որոշում: Հանձնաժողովի գործունեությունը սկսվում է 2012 թվականից: Վարույթներից միայն մեկն է եղել հօգուտ դիմողի: Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթներից 2-ը՝ հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա է, 1-ը՝ քաղաքացու և 1-ը՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը Սիրանուշ Սահակյանն է, անդամները 3-ն են՝ Արմեն Խուդավերդյան, Արտակ Սարգսյան և Լիլիթ Պետրոսյան: Մինչ այս հանձնաժողովին անդամակցել է նաև Արեգ Շուշանյանը, սակայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2014թ. հոկտեմբերի 17-ին նրա լիազորությունները դադարեցվել են: Առ այսօր այս պաշտոնը թափուր է մնացել:

Հանձնաժողովից Իրավաբան.net-ին հայտնում են, որ մարմնի գործունեությունը թափանցիկ է, իսկ որոշումները հրապարակված են պաշտոնական կայքում: Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ընդունել է նաև էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացություն:

2013թ. հանձնաժողովը վարույթ է հարուցել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիմումի հիման վրա՝ ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից էթիկայի կանոնների խախտման և նրան կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը ընտրություններին, նշել է. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»: Հանձնաժողովը որոշել է, որ Ս. Դարբինյանի գործողությունների շղթան գտնվում է էթիկայի կանոնների շրջանակում:

Հաջորդը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի դիմումն էր՝ 2013թ.-ին ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի վերաբերյալ: ՀԿ տնօրենը, տարբեր լրատվամիջոցներին հղում անելով, նշել էր Գ.Խաչատրյանին են պատկանում մի շարք ընկերություններ և առևտրի սրահներ, պարոն Հոկտանյանը խնդրել էր պարզել, թե արդյոք շահերի բախում չկա այստեղ: Հանձնաժողովը դիմել էր Գագիկ Խաչատրյանին, ստացել պարզաբանում ու արձանագրել, որ ներկայացված հրապարակումներում նշված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում:

2013թ.-ին Վարուժան Հոկտանյանը կրկին դիմել է հանձնաժողովին, այս անգամ ներքաղաքային տրանսպորտի ուղերվարձը բարձրացնելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ: Հանձնաժողովը կրկին վարույթ է հարուցել դիմումն ու գտել, որ ոչ մի շահերի բախում չկա:

2014թ. հանձնաժողովն ընդամենը մեկ վարույթ է հարուցել, այս անգամ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ, նա ակտիվիստին սպառնացել էր՝ ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակոտ»։ Հանձնաժողովն այս միակ հարցով որոշում է կայացրել հօգուտ դիմողի, գտել է, որ պաշտոնյան թույլ է տվել էթիկայի կանոնի խախտում:

DAV_9108Իսկ այս հանձնաժողովը պետք է կանխարգելեր կոռուպցիան

«Հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»,- սրանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են 2012թ. հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Հանձնաժողովի 3 տարիների գործունեության մասին կոռուպցիայի կանխարգելման մասին կարող է հուշել ընդամենը մի հաշվետվություն, այն էլ, ոչ թե վերլուծություն է կոռուպցիայի վիճակի, դրա կանխարգելման քայլերի մասին, այլ պարզապես ճանաչողական այցի մասին հաշվետվություն (տես՝ լուսանկարում):Untitled-3

Հանձնաժողովի գործունեության մեջ մտնում է պաշտոնատար անձանց հայտարարագրումները, որը հաճախ չի էլ թարմացվում, տվյալներ կան, որ 2013թ.-ի են:

Մարմնից գրությունով մեզ տեղեկացրին, որ հայտարարագրերի ներկայացման ցուցանիշը բարձր է, և 2013թ. համար այն կազմել է 99 %: Գրությունում ասվում է, որ հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերն ինքնին որևէ հանցագործության առկայության չեն մատնանշել, իսկ Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթների արդյունքներով հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ՀՀ գլխավոր դատախազություն այդպիսի նյութեր չեն ուղարկվել:

Հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովն իրականացրել է հայտարարագրերի «բազմամակարդակ և փուլային» վերլուծություն:

Հետաքրքրվեցինք, թե իր ստեղծման պահից Հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման քանի՞ դեպք է բացահայտել և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված քանի առաջարկություններ է ներկայացրել ՀՀ Նախագահին, Ազգային ժողով և կառավարություն: Հանձնաժողովից պատասխանեցին, որ շահերի հայտարարագրումը՝ որպես շահերի բախման բացահայտման հիմնական գործիք ՀՀ-ում ներդրված չէ: Ըստ նամակի՝ շահերի բախման դեպքերին Հանձնաժողովն անդրադառնում է դիմումների հիման վրա՝ գործող իրավակագավորումների շրջանակներում: Շահերի բախմանն առնչվող դիմումների իրավիճակ չի արձանագրվել, նշվում է պատասխան գրությունում: Ուստի Հանձնաժողովը հավելում է, որ դրանց «կանխարգելման ու վերացմանն» ուղղված առաջարկություններ չէին կարող ներկայացվել համապատասխան մարմիններին:

Հանձնաժողովից նաև հայտնեցին, որ մարմնի իրավասությունների ներքո գտնվող հարցերի առնչությամբ այն իրականացնում է դուրս բերված խնդիրների «համալիր ուսումնասիրություններ, ինչպես նաև հետազոտություններ և վերլուծություններ, այդ թվում՝ միջազգային լավագույն փորձի, օրենսդրական բացերի և հնարավոր լուծումների վերաբերյալ: Հանձնաժողովի գործունեությանն առնչվող հրապարակայնացման ենթակա առանձին հաշվետվությունները համապատասխանաբար տեղադրվում են կայքում»:

Փաստորեն ըստ հանձնաժողովի՝ կան այնպիսի հաշվետվություններ, որոնք հրապարակայնացման ենթակա չեն, իսկ կայքի համապատասխան բաժնում հրապարակված են ընդամենը երկու սեմինարի և մեկ ճանաչողական այցի մասին հաշվետվություն:

Ի դեպ, այս այցերից մեկի շրջանակներում Հանձնաժողովը՝ ողջ կազմով 5 աշխատանքային օր Հայաստանում չի եղել (տես՝ լուսանկարում), իսկ այդ ընթացքում այս մարմնի կարիքը որևէ մեկը զգացե՞լ է:

3-1

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ