Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է հարկային տեսչության պետը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2015թ.-ի մարտի 16-ին, կաշառք ստանալու կասկածանքով, ձերբակալվել է նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանը: Այս մասին տեղեկացում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Պարզվել է, որ Արամ Հովսեփյանը 2007թ.-ի նոյեմբերին գործարար Ռ.Ա.-ին պատկանող ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու եւ դրանք չարձանագրելու դիմաց պահանջել եւ Ռ.Ա.-ից ստացել է 30.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաեւ 2008թ.-ի դեկտեմբեր ամսին: Ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու եւ չարձանագրելու համար նույն գործարքից պահանջել եւ ստացել է եւս 40.000 ԱՄՆ դոլար կաշառք: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ