Նորություններ

«Եթե հիմքում կա սեր, ամեն ինչ կարելի համատեղել». կին ոստիկան

«Ոստիկան հայուհիներ» հատուկ նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության, անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Լուսինե Խաչատրյանի հետ:

Ինչպե՞ս որոշեցիք, որ դառնաք ոստիկան

Որոշումը կայացրել եմ համալսարանն ավարտելուց հետո, ի դեպ՝ սովորել եմ Մանկավարժական համալսարանում հոգեբան-իրավաբան մասնագիտությամբ: Այնտեղ առնչվեցինք անչափահասների հիմնախնդիրներին ու հետաքրքրեց դա ինձ, իսկ ոստիկանությունը միակ կառույցն էր, որը հնարավորություն էր տալիս շփվել նրանց հետ և գտնել խնդիրների լուծումները:

– Ընտանիքում ինչպե՞ս վերաբերվեցին Ձեր որոշմանը:

Նախ պետք է ասեմ, որ ընտանիքում ոստիկաններ չունենք և նրանք խոչընդոտ չեն հանդիսացել, ավելի շատ խրախուսել են:

-Ինչքա՞ն ժամանակ է, որ ոստիկանությունում եք աշխատում:

– Ես աշխատում եմ արդեն տասը տարի:

-Բարդությունների առաջ չկանգնեցի՞ք:

-Բարդություններ կային և կան ինչպես ցանկացած մասնագիտության մեջ, բայց եթե մարդ կայացած է իր մասնագիտության մեջ, կայացած է որպես անձ, նրա համար մուտքը ոչ թե հեշտ է լինում, այլ հաղթահարելի:

– Ձեր բնագավառում մեծամասնությունը տղամարդիկ ենք, ի սկզբանե չե՞ք կոմպլեքսավորվել այդ հանգամանքից:

– Ոչ, իմ մասնագիտությունն ինձ օգնության հասավ արագ համակերպվելու համար, իսկ խնդիրը կապված տղամարդկանց մեծամասնություն կազմելու հետ միշտ էլ եղել է, բայց տարիների հետ գնալով նվազում է, իմ ընդունվելուց հետո և հիմա կա էական տարբերություն`հիմա կանանց թվաքանակն ու ներգրավածությունը բավականին աճել է:

– Տասը տարի է ինչ համակարգում եք, եղե՞լ է դեպք, որից հետո հիասթափվել եք Ձեր մասնագիտությունից:

Անկեղծ ասած՝ ոչ, շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի ներգրավվեմ ոստիկանությունում աշխատանքի, հեշտ էր ինձ համար այդ ընթացքը և ես հասցրի ոչ միայն սիրել այն, այլ նաև նվիրվել գործին:

– Անձնականն ու մասնագիտական գործունեությունն ինչպե՞ս է հաջողվում համատեղել:

Ոստիկանությունում աշխատելը նաև անձնականս դասավորելու խթան հանդիսացավ`ամուսինս ևս համակարգից է, ունենք երեք երեխա, ուզում եմ ասել, որ եթե հիմքում կա սեր թե՛ աշխատանքի, թե՛ ընտանիքի՝ ուրեմն ամեն ինչ կհաջողվի: Իհարկե, խնդիրներ էլ կառաջանան, օրինակ երեխաները կցանկանան, որ մայրիկը տանը լինի, իրենց կողքին, բայց եթե ըմբռնումով մոտենում են բոլորը, ապա դա էլ է հաղթահարվում:

-Երեխաները ևս ոստիկա՞ն են ցանկանում դառնալ:

– Դա արդեն կսպասենք, երբ նրանք կայունան, ինքնուրույն որոշում կարողանան կայացնել ու իրենք էլ կընտրեն իրենց մասնագիտությունները և եթե ընտրեն ոստիկան դառնալ, մենք չենք խոչընդոտի:

-Եթե ոչ ոստիկան,ապա՞…

Միանշանակ հոգեբան:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքին, որ կնոջ տեղը խոհանոցն է:

– Ավելի շատ կնոջից է կախված, եթե նա կարծում է, որ իրեն հարմար է խոհանոցում լինելը, նա այնտեղ իրեն լավ է զգում ուրեմն թող զբաղվի դրանով, եթե ցանկանում է ավելի հանրային աշխատանք կատարել շատ ավելի լավ, բայց չեմ ընդունում, երբ նրա կարծիքին դեմ են դուրս գալիս ընտանիքի անդամները:

Ի՞նչ կմաղթեք մեր կանանց:

Կցանկանամ, որ  լավատես լինեն ու զգան իրենց որպես հասարակության լիարժեք անդամներ:

Հարցազրույցը` Լիլիթ Շաբոյան

Լուսանկարները` Հերմինե Վիրաբյանի

Մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև`

«Ոստիկանական համակարգում կին լինելն առավելություն է»

Ոստիկանությունն իմ տունն է, իմ կոչումը. Նելլի Դուրյան 

Կին ոստիկան. «Իմ մեծ երազանքն է մնացել Հարվարդի համալսարանում սովորելը» 

«Մենք` կին ոստիկաններս, աշխատում ենք խստությունը զուգորդել մեղմ վերաբերմունքի հետ»

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել