Կանանց իրավական վիճակի և պաշտպանվածության խնդիրները ՀՀ-ում

Գաղտնիք չէ, որ կանանց իրավունքները Հայաստանում պաշտպանվում են ինչպես ներպետական օրենսդրական ակտերով, այնպես էլ միջազգային իրավական ակտերով[1]:

Կանանց իրավունքների պաշտպանության և խտրականության վերացման տեսանկյունից, կարելի է առանձնացնել միջազգային իրավական ակտերից հետևյալ հիմնականները, որոնց միացել է Հայաստանը.

  1. 13.10.1993թ.-ին վավերացվել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան (ընդունված՝ 1979թ.-ի դեկտեմբերի 18-ին, Նյու Յորք քաղաքում)[2],
  2. 23.05.2006թ-ին վավերացվել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը (ընդունված՝ 1999 թվականի հոկտեմբերի 6-ին, Նյու Յորք քաղաքում)[3],
  3. 24.10.2007թ.-ին վավերացվել է ՄԱԿ-ի «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիան (ստորագրված 1953 թվականի մարտի 31-ին, Նյու Յորք քաղաքում)[4],
  4. 25.03.2003թ.-ին վավերացվել ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին»  արձանագրությունը (ստորագրված 2000 թվականի դեկտեմբերի 12-ին, Պալերմո քաղաքում)[5],
  5. 01.04.1991թ.-ին վավերացվել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (ընդունված՝ 16.12.1966թ.-ին, Նյու Յորք քաղաքում)[6],
  6. 25.01.2001թ.-ին վավերացվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիան (ընդունված՝ 04.11.1950թ.-ին, Հռոմ քաղաքում)[7]:

Հատկանշական է նաև, որ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է, 2010-2011թթ. նախագահում էր Հայաստանը:

ՀՀ վարչապետի կողմից 2000 թվականին ստեղծվեց Վարչապետին կից կանանց հարցերով խորհուրդ, որի նպատակն էր հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև պետական և հանրային կառավարման բոլոր մակարդակներում կանանց կարգավիճակի բարձրացմանն ու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը նպաստելը: Խորհուրդը ՀՀ կառավարության 2010թ.-ի փետրվարի 11-ի թիվ 5 արձանագրային որոշմամբ ընդունեց  Գենդերային քաղաքականության հայեցակարգը:

Գենդերային հայեցակարգի նպատակն է հավասար պայմանների ստեղծումը, սեռի հատկանիշով խտրականության բոլոր ձևերի հաղթահարումը, աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ստեղծումը, հասարակության մեջ ժողովրդավարական քաղաքական մշակույթի և հանդուրժողականության գենդերային երկխոսության ձևավորումը` կյանքի բոլոր ոլորտներում գենդերային չափանիշի ներառման միջոցով[8]:

Միաժամանակ, աղյուսակ 1-ում ներկայացնենք, թե ինչ իրավիճակ էր տիրում 2009-2010թթ.-ին ըստ զբաղվածության կարգավիճակի:

Աղյուսակ 1. Զբաղվածներն ըստ զբաղվածության կարգավիճակի, 2009-2010 թթ.[9]:

Ընդամենի նկատմամբ  Բաշխումն ըստ սեռի
2009 2010 2009 2010
Կին Տղամարդ Կին Տղամարդ Կին Տղամարդ Կին Տղամարդ
Վարձու աշխատող 52.7 60.4 50.3 62.3 43.1 56.9 40.4 59.6
Գործատու 0.1 0.9 0.1 0.8 7.9 92.1 11.7 88.3
Ինքնազբաղված 22.4 22.7 27.5 27.4 41.2 58.8 45.6 54.4
Այլ 24.8 11.0 22.1 9.5 66.2 33.8 66.3 33.7

Այսպիսով, դիտարկենք արդարադատության իրականացման և իրավապաշտպան գործունեության ոլորտներում կանանց մասնակցության աստիճանները.

21.02.2007թ.-ին ընդունված ՀՕ-135-Ն ՀՀ դատական օրենսգրքի[10] 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Ցուցակը կազմելու ընթացքում հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը: Եթե որևէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի քսանհինգ տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն հինգ տեղ:»

Հայաստանի Հանրապետության դատարաններում 2009 և 2010 թվականներին 216 դատավորներից 46-ը, իսկ 2011 թվականին` 220 դատավորներից 48-ը եղել են կանայք: 2012 թվականի տվյալներով տարեկան միջին հաշվարկով 215 դատավորներից 47-ը կանայք են եղել: 2013 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ 213 դատավորներից 45-ը կին դատավորներ են, որոնցից 14-ը պաշտոնավարում են մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում:

14.12.2004թ.-ին ընդունված ՀՕ-29-Ն «Փաստաբանության գործունեության մասին» ՀՀ օրենքի[11] 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Արգելվում է Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար դիմած հավակնորդների նկատմամբ խտրականությունը` հավակնորդի ազգության, քաղաքացիության, ռասայի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության հիմքով»:

2014 թվականի մարտի 2-ի դրությամբ ՀՀ փաստաբանների պալատին անդամակցում են 1510 փաստաբաններ, որոնցից 41,6%-ը կանայք են:

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել կանանց քաղաքական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ.

26.05.2011թ.-ին ընդունված ՀՕ-164-Ն ՀՀ Ընտրական օրենսգրքի [12] 108-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է. «2. … Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք:»

Նույն իրավական ակտի 155-րդ հոդվածը 2-րդ կետը սահմանում է. «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք»:

05.02.1999թ.-ին ընդունված, իսկ ապա՝ 26.06.2011թ.-ին ուժը կորցրած ճանաչված ՀՕ-284 ՀՀ Ընտրական օրենսգրքի[13] 100-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում էր.

«2. Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրել պատգամավորության թեկնածուների միայն մեկ ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրել: Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում առնվազն 5 տոկոսը պետք է լինեն կանայք: Համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև անկուսակցականներ»:

Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ ուժը կորցրած ճանաչված ՀՀ ընտրական օրենսգիրքը պարունակում էր միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավանորմեր, այդուհանդերձ նշված իրավական ակտի 100-րդ հոդվածի 2-րդ մասով տչված իրավակարգավորումը բացառություն էր կազմում գենդերային հավասարության համաչափության տեսանկյունից, և չէր բխում ստանձնած միջազգային պարտավորություններից:  Մասնավորապես, հարցի կարգավորումն ըստ միջազգային պայմանագրերի (ստանձնած պարտավորությունը)՝

1. ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մաuին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մաս:

2. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիր, 3-րդ հոդված:

3. «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիա, 3-րդ հոդված:

4. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիա, 14-րդ հոդված, կոնվենցիայի 12-րդ արձանագրության 1-ին հոդված[14]:

Այսպիսով, եթե հետին հայացք ձգենք ԱԺ գումարման պատմություններին, ապա պատկերը հետևյալն է. ԱԺ 5-րդ գումարման 131 պատգամավորներից 14-ը կին են, 4-րդ գումարման ընթացքում պատգամավոր կանանց թիվը հասնում էր 10-ի, 3-րդ գումարմանը՝ 6 կին, 2-րդ գումարմանը՝ 4 կին, իսկ 1-ին գումարման ընթացքում՝ 11 կին:

Ընտանեկան բռնության, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության դեպքերը.

ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցը (այսուհետ՝ զեկույց) ներկայացնում է տեղեկատվություն կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ: Զեկույցն անդրադառնում է նաև ՄԱԿ-ի Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի ՀՀ վերաբերյալ հանձնարարականներին, որոնք ընդունվել են Կոմիտեի թիվ CEDAW/C/ARM/CO/4/Rev.1 2009 թվականի փետրվարի 2-ի փաստաթղթով:

Ըստ զեկույցի՝ 2009 թվականին գրանցվել է կանանց նկատմամբ բռնության 1322 դեպք, որից ընտանեկան` 235, նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների նկատմամբ 135 դեպք, որից 3-ը ընտանեկան բռնության դեպքեր են:

2010 թվականին գրանցվել է կանանց նկատմամբ բռնության 1526 դեպք, որից ընտանեկան 367, որից 9-ը ընտանեկան բռնության դեպքեր են: Նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների նկատմամբ 185 դեպք, որից 9-ը ընտանեկան բռնության դեպքեր են:

2011 թվականի ընթացքում գրանցվել է կանանց նկատմամբ բռնության 1738 դեպք, որից ընտանեկան` 560: Նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների նկատմամբ 168 դեպք, որից 14-ը ընտանեկան բռնության դեպքեր են:

2012 թվականի ընթացքում գրանցվել է կանանց նկատմամբ բռնության 2026 դեպք, որից ընտանեկան 625: Նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների նկատմամբ 190 դեպք, որից 13-ը ընտանեկան բռնության դեպքեր են:

2013 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցվել է կանանց նկատմամբ բռնության 1449 դեպք, որից ընտանեկան` 432: Նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների նկատմամբ 199 դեպք, որից 13-ը ընտանեկան բռնության դեպքեր են:

Այս կապակցությամբ, հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակցությամբ մշակվել էր և ՀՀ կառավարության քննարկմանն էր ներկայացվել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սակայն, Կառավարությունը մերժեց այն, պատճառաբանելով, որ ներկայումս հանրապետությունում ընթանում են իրավական և դատական բարեփոխումներ, ապա՝ հանձնարարեց ՀՀ արդարադատության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին` այդ բարեփոխումների ծրագրի շրջանակներում մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարելիս ապահովել ընտանեկան բռնության դրսևորումների, ինչպես նաև դրանց արձագանքելու և կանխարգելելու գործուն մեխանիզմների ներառումը:

2010-2014 թվականների ընթացքում կնոջ դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարված ամուսնալուծությունների թվաքանակը հետևյալն է.

1) 2010 թվականին գրանցված 3148 ամուսնալուծություններից 906 դիմում,

2) 2011 թվականին գրանցված 3322 ամուսնալուծություններից 1011 դիմում,

3) 2012 թվականին գրանցված 3383 ամուսնալուծություններից 985 դիմում,

4) 2013 թվականին գրանցված 3907 ամուսնալուծություններից 997 դիմում,

5) 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գրանցված 2565 ամուսնալուծություններից 630 դիմում (08.08.2014թ.):

Հոդվածի հղումները ստորև՝

[1] https://treaties.un.org/Pages/Treaties.aspx?id=4&subid=A&lang=en

[2] Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա, ընդունված՝ 1979թ.-ի դեկտեմբերի 18-ին, Նյու Յորք քաղաքում:

[3] Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին, ընդունված՝ 23.05.2006թ-ին: Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրություն, ընդունված՝ 1999 թվականի հոկտեմբերի 6-ին, Նյու Յորք քաղաքում:

[4] Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիային միանալու մասին, ընդունված՝ 24.10.2007թ.-ին: «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիա, ստորագրված՝ 1953 թվականի մարտի 31-ին, Նյու Յորք քաղաքում:

[5] Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առեվտրի կանխարգելման, արգելման եվ պատժի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, ընդունված՝ 25.03.2003թ.-ին: Արձանագրություն Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առեվտրի կանխարգելման, արգելման եվ պատժի մասին», ստորագրված 2000 թվականի դեկտեմբերի 12-ին, Պալերմո քաղաքում:

[6] Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդի որոշում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրերին և դրան կից ֆակուլտատիվ արձանագրությանը միանալու մասին, ընդունված՝ 01.04.1991թ.-ին: Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին, ընդունված՝ 16.12.1966թ.-ին, Նյու Յորք քաղաքում:

[7]https://coe.am/index.php?cat_id=37&out_lang=eng,

[8] Տե՛ս մանրամասն ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցը:

[9] ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույց, էջ 94-95, աղբյուրը` Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն, ՀՀԱզգային վիճակագրական ծառայություն:

[10] Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք, ընդունված՝ 21.02.2007թ.-ին:

[11] «Փաստաբանության գործունեության մասին» ՀՀ օրենք, ընդունված՝ 14.12.2004թ.-ին:

[12] ՀՀ Ընտրական օրենսգիրք, ընդունված՝ 26.05.2011թ.-ին:

[13] ՀՀ Ընտրական օրենսգիրք, ուժը կորցրած ճանաչված՝ 26.06.2011թ.-ին:

[14] Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից թիվ 12 արձանագրությունը վավերացնելու մասին, ընդունված՝ 25.10.2004թ.-ին: Արձանագրությունը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից թիվ 12, ընդունված՝ 04.11.2000թ.-ին, Հռոմ քաղաքում:

Սյուզաննա Սողոմոնյան

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել