245 հազար դոլարի Toyota ավտոմեքենա է գնվել` պետբյուջեի պահուստային ֆոնդի միջոցներով

Նախորդ տարի Ազգային ժողովն ու կառավարությունը միասին մոտ 245 հազար դոլար են ծախսել մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման համար: 2014-ի ընթացքում գնված բոլոր մեքենաները «Տոյոտա» մակնիշի են և հիմնականում գնված «Տոյոտա-Երևան» ընկերությունից:

«Տոյոտա-Երևան» ՍՊԸ նախագահը Սամվել Մայրապետյանն է, ընկերության տնօրենը` Վահե Գզրարյանը: Էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ բացի այս երկու անձանցից, ընկերության հիմնադիրներն են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը և Անդրանիկ Գևորգյանը, ով տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գևորգյանի ազգականն է:New Picture (1)

Այսպիսով, 2013-ի դեկտեմբերին կնքված պետական գնման պայմանագրի թիվ 1 համաձայնագրով (կնքված 2014 թվականի օգոստոսի 20-ին) Ազգային ժողովը «Տոյոտա-Երևան» ընկերությունից գնել է մեկ Toyota Land Criuser` վճարելով 33 միլիոն 150 հազար դրամ (մոտ 67 հազար դոլար): Համաձայն պայմանագրի, որը կնքվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի և «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանի միջև, ապրանքի գինը սահմանվել է 43 միլիոն 150 հազար դրամ, սակայն պայմանագրի 9.3 կետում նշվել է հետևյալը.

«Պայմանագիր կնքվում է ընդհանուր 4315000 ՀՀ դրամ արժեքով, սակայն քանի որ նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, Ապրանքի մատակարարման մնացած մասը կկատարվի հաջորդող տարիներին միջոցներ նախատեսվելու դեպքում` լրացուցիչ պայմանագիր կնքելու միջոցով: Ապրանքի մատակարարման համար նախատեսված տվյալ տարվան հաջորդող տարում միջոցներ չնախատեսելու դեպքում, այդ մասով պայմանագիրը կլուծվի»:

Այսինքն, Toyota Land Criuser-ը ձեռք է բերվել 2013 թվականին, դրա արժեքի մի մասը վճարվել է 2014-ին, և դեռ 10 միլիոն դրամ էլ պետք է վճարվի «Տոյոտա-Երևան» ընկերությանը:New Picture (8)

Որպես մեքենայի գնման պահանջի հիմք նշվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 14-ի 750-Ն որոշումը, որը վերաբերում է ԱԺ-ին կառավարության պահուստային ֆոնդից գումար հատակացնելուն և գնումների գործընթացը կազմակերպելուն:  Մասնավորապես, որոշման 3-րդ կետում նշվում է հետևյալը. «Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով հատկացված միջոցներից 33,150.0 հազ. դրամն ուղղվում է ՀՀ ԱԺ  և «Տոյոտա-Երևան» ՍՊԸ միջև 2013 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված ՀՀ ԱԺ-ԲԸԱՀԱՊՁԲ-028 պայմանագրի շրջանակներում «Toyota Land Cruiser» մակնիշի 4.6 լիտր շարժիչի աշխատանքային ծավալով ավտոմեքենայի դիմաց վճարում կատարելուն»:
4

Կառավարության պահուստային ֆոնդից օգտվել է նաև դատախազությունը` նույն «Տոյոտա-Երևան» ընկերությունից գնելով 7 սեդան թափքով մարդատար ավտոմեքենա, վճարելով` 62 միլիոն 980 հազար դրամ (մոտ 130 հազար դոլար): Այս դեպքում ՀՀ կառավարության 2014-ի օգոստոսի 14-ի 902-Ն որոշմամբ` «Mulberry» համակարգի շահագործումն ապահովելու նպատակով համակարգչային տեխնիկա ձեռքբերելու, ինչպեսև դատախազության համակարգի գույքը և տրանսպորտային միջոցները համալրելու նպատակով հատկացվել է 76 միլիոն 141 հազար դրամ ( մոտ 152 հազար դոլար):

Պահուստային ֆոնդից անմասն չեն մնացել նաև մարզպետարանները

Նախորդ տարվա վերջին Գեղարքունիքի և Կոտայքի մարզապետարաներն էլ են հասցրել ծառայողական մեքենաներ գնել կառավարության պահուստային ֆոնդից ստացված միջոցներով: Այս դեպքում հետաքրքիր է այն, որ երկու մարզապետարաններն էլ երկու տարբեր ընկերություններից գնել են միևնույն տեխնիկական բնութագիրն ունեցող և միևնույն գնով (13 միլիոն դրամ) Toyota Camry 2.5 GAS մեքենա:

Գեղարքունիքի մարզպետարանը որպես գնման պահանջի հիմք նշել է ՀՀ կառավարության 2014թ-ի դեկտեմբերի 4-ի 1366-Ն որոշումը, իսկ Կոտայքի մարզպետարանը` 2014-ի դեկտեմբերի 11-ի 1391-Ն որոշումը, համաձայն որոնց, 13-ական միլիոն դրամ է հատկացվել մարզպետարաններին` ծառայողական մեքենաներ գնելու համար:

Գեղարքունիքի մարզպետարանը մեքենայի առուվաճառքի պայմանագիրը կնքել է «Մշո տղա» ՍՊԸ-ի հետ: New Picture (9)

Մանրամասներ ճշտելու համար կապվեցինք ընկերության տնօրեն Ղազար Ղազարյանի հետ, ով հայտնեց, թե իսկապես կառավարությանը մեքենա վաճառել են, իսկ այլ տեղեկություններ ստնալու համար խնդրեց դիմել ընկերության հաշվապահ Սարո Ղազարյանին: Վերջինս էլ Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ մեքենան գնել են «Տոյոտա-Երևան» ընկերությունից մոտ երկու ամիս առաջ, և գնելուց մեկ ամիս հետո վաճառել են կառավարությանը. «Թանկ առել եմ, էժան ծախել, որովհետև դրամ փոխվելու ժամանակներն էին: Գինը չեմ կարող ասել, դրանք հրապարակային են, ինչի՞ եք ուզում ինձնից ճշտել»:

Մեքենան գնվել է մարզպետի ընկերոջ ղեկավարած ընկերությունից

Նման տեղեկություններ ստացանք նաև Կոտայքի մարզպետարանի կողմից գնված մեքենայի դեպքում: Կոտայքի մարզպետարանն առուվաճառքի պայմանագիրը կնքել է «Նաիրիշին» ԲԲԸ-ի հետ, որի հետ կապվում է մարզպետ Արամ Հարությունյանի անունը: Լրատվամիջոցներում բազմաթիվ են հրապարակումները, որ այս ընկերության սեփականատերերից մեկը հենց նա է:New Picture (10)

«Նաիրիշին» ընկերության տնօրեն Եգոր Խերիմյանը Իրավաբան.net-ի հետ զրուցում ասաց, որ մեքենան գնել են դեկտեմբերին և հենց դեկտեմբերին էլ վաճառել կառավարությանը: Նա պնդեց, թե մեքենան գնվել է ավելի թանկ, կառավարությանը վաճառվել էականորեն մատչելի գնով և այդ գործարքի արդյունքում ընկերությունը կորուստներ է ունեցել, իսկ թե որքան, չհստակեցրեց, նշելով, որ 5000 դոլարից մի քիչ:

«Ուրիշ բան, եթե մենք, ասենք 11 միլիոնով առած լինեինք, 13-ով տայինք, կասեին` շահադիտական բան կա: Բայց մենք 13 միլիոնից ավել առել ենք, 13-ով տվել ենք: Հարությունյանը հո մեզ լավություն չի արել, վատություն է արել»,- ասաց Ե. Խերիմյանը:

«Նաիրիշին»-ի տնօրենը հերքեց այն տեղեկությունը, թե Արամ Հարությունյանը որևէ կապ ունի ընկերության հետ. «1986 թվականից էս հիմնարկի տնօրենն եմ, երբ էս ընկերությունը կար, Հարությունյանը ուսանող էր»,- Ե. Խերիմյանն ասաց, որ ներկայիս մարզպետն իր ընկերն է ու որպես ընկեր էլ փորձել է օգնել նրան` մեքենա ձեռք բերել դրամի արժեզրկման ժամանակահատվածում:

Մեր այն հարցին, թե փաստորեն ընկերն է իրեն վատություն արել, Ե. Խերիմյանը պատասխանեց. «Դե ճար չուներ, էդ մոմենտին եթե դուք էլ լինեիք, էդպես կանեիք: Մեկը մեկին «պոդդերժկա» պիտի աներ: Ինձ չխնդրեր, Պողոսին պիտի խնդրեր, Պողոսին չխնդրեր, Պետրոսին պիտի խնդրեր: …Էդ ժամանակ ոչ ավտո կար, ոչ էլ, էդ ավտոն էլ հազիվ եկավ: Սաղ սրբել տարել էին, խայտառակ դրություն էր»:

Այն, որ Արամ Հարությունյանը կարող է բաժանետեր լինել «Նաիրիշին» ընկերությունում, «բացարձակ սուտ» համարեց նաև մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանը: Իրավաբան.net-ի այն հարցին, թե ինչու է մարզպետարանը մեքենա ձեռք բերում մեկ այլ ընկերության միջնորդությամբ, Ա. Օհանյանը պատասխանեց. «Մարզպետարանն այդ կազմակերպության միջոցով չի գնել, այլ այդ կազմակերպությունից է գնել: Դե հիմա իրենք էդ մեքենան ձեռք են բերել ու վաճառել են մեզ, ի՞նչ կա դրա մեջ»:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Եգոր Խերիմյանը հայտնել է, թե Արամ Հարությունյանն իր ընկերն է ու հարցին, թե ինչու է գնումը կատարվել հենց մարզպետի ընկերոջ ընկերությունից, Ա. Օհանյանը պատասխանեց, թե անձնական հարցերի վերաբերյալ մեկնաբանություն տալու իրավասություն չունի: Այս հարցի պատասխանը ստանալու համար փորձեցինք կապվել նաև Արամ Հարությունյանի հետ, սակայն վերջինս զանգերին չէր պատասխանում:

Ազնվության համար նշենք, որ իսկապես շուկայական գներն ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ վերոնշյալ մեքենաները կառավարությունը թանկ գնով չի ձեռք բերել, և դրամի արժեզրկման հետ կապված մեքենաների գներն իսկապես թանկացել են: Եվ հենց «Տոյոտա-Երևան» ընկերության կայքում Toyota Camry-ի գները սկսվում են 15 միլիոն դրամից: Իսկ ինչու՞ գնել հենց «Տոյոտա-Երևան» ընկերությունից, եթե, վստահաբար, ավելի մատչելի գնով մեքենա հնարավոր էր գտնել: Մյուս կողմից` չի էլ բացառվում, որ իսկզբանե գնումը մեկ այլ ընկերության միջոցով անելը շահադիտական նպատակ է ունեցել:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրադարձություններ

Իրադարձություններ