Ի՞նչ պետք է յուրացնել հանցավոր աշխարհից կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Հոգեբանական պարիսպը ստիպեց հանցագործ աշխարհին մշակել իր օրենքները, էթիկան և կենսաձևը: Վերջիններս բերեցին հասարակությունից զատված խմբավորումների առաջացմանը և կայացմանը: Այն, թե արդյունքում ինչեր են տեղի ունենում, ականատես եղանք նաև ոչ վաղ անցյալում: Հանցավորության դեմ պայքարը հիմնականում տարվում է երկու ուղղությամբ՝ հանցավորության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և հանցավորությունը կանխելու միջոցով: Սակայն նշենք, որ այս դեպքում դժվար է այն իրականացնելը, քանի որ հանցավոր աշխարհը փակ է բոլորի համար: Այդտեղ առավել ևս անընդունելի է համարվում հանցավոր աշխարհի ներկայացուցիչների համագործակցությունը իրավապահ մարմինների հետ: Ընդ որում, նույնիսկ այն դեպքերում, երբ տվյալ խմբավորումների ներկայացուցիչներին իրավապահ մարմինը կարող է աջակցություն ցուցաբերել: Մյուս կողմից էլ նշենք, որ այստեղ գրեթե անհնար է խուսափել «պատժից» այն դեպքում, երբ պետական հասարակարգում չի բացառվում իրականացնել այն կոռուպցիոն վարքագծի դրսևորման արդյունքում:

Ինչո՞ւ է այդպես: Հնարավո՞ր է հանցավոր աշխարհում առկա «պատժի անխուսափելիության սկզբունքի» գործողության փորձը մշակել, բերել իրավական դաշտ և վերջինիս միջոցով ուղիներ փնտրել կոռուպցիայի դեմ պայքարի համար: Ի վերջո, ինչպես նշել է Չեզարե Բեկարիան, հանցագործության կանխման արդյունավետությունը կախված է ոչ թե պատժի դաժանությունից, այլ դրա անխուսափելիությունից: Նույնիսկ ամենաթեթև պատժի անխուսափելիության մեջ համոզված լինելը միշտ կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան վախը մեկ այլ, ավելի դաժան, բայց խուսափելու հույս ներշնչող պատժի նկատմամբ:

Հետևաբար` կարող ենք փորձ կատարել ուսումնասիրելու, թե որն է հանդիսանում հանցավոր աշխարհում «պատժի անխուսափելիության սկզբունքի» առավել ազդեցիկ գործողության արդյունքը, քան այն առկա է պետական հասարակարգում:
Պատահական չէ, որ չգրված օրենքները երբեմն առավել ազդեցիկ են լինում, քան գրվածը: Չշտապենք եզրակացություններ կատարել, թե ինչում կարող է լինել պատճառը՝ ռեֆերենտային խմբում դիրքի ամրապնդումը, վախի դրդապատճառը, կարծրատիպային մտածելակերպը, նույնականացված վարքագիծը, թե այլ պատճառները: Առայժմ միայն փաստենք, որ կարելի է հետազոտել պատճառները՝ փորձ կատարելով այն բերել իրավական հասարակարգ:

Զարուհի Հարությունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ