Ժառանգման հետ կապված մտահոգիչ հարցերի պատասխանները

Հասարակության շրջանում հաճախ են առաջանում հարցեր, որոնք կապված են ժառանգման իրավունքի հետ: Շատ են պատահում դեպքեր , երբ մահացածի հարազատների մոտ առաջանում են ցայտնոտային, անորոշ իրավիճակներ. չգիտեն, թե ովքե՞ր են մահացածի ժառանգները, ի՞նչ կարգով է բացվելու ժառանգությունը, ի՞նչ կարգով են նրանք ճանաչվելու որպես ժառանգներ և այլն:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1184-ով մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով: Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:

Այսպես, ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Դատարանով քաղաքացուն մահացած ճանաչելն առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչը` քաղաքացու մահը:

Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: Եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:

Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1190-ի `ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները: Ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել