Ինչպե՞ս ճիշտ վարձակալել բնակելի տարածություն

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 662-ի համաձայն բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Տվյալ օրենսգրքի հոդված 665-ով բնակելի տարածության վարձատուն պարտավոր է վարձակալին տրամադրել ազատ բնակելի տարածություն` բնակության համար պիտանի վիճակում, պատշաճ շահագործել այն բնակելի տարածությունը, որտեղ գտնվում է վարձակալության հանձնված բնակելի տարածությունը, վճարի դիմաց մատուցել անհրաժեշտ կոմունալ ծառայություններ կամ ապահովել դրանց մատուցումը, վերանորոգել բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքը և կոմունալ ծառայություններն ապահովող սարքավորումները:

Իսկ վարձակալի պարտականությունները վերը նշված օրենսգրքով հետևյալն են `ապահովել բնակելի տարածության պահպանությունը և այն պահպանել պատշաճ վիճակում, առանց վարձատուի համաձայնության չկատարել բնակելի տարածության վերակառուցում և վերափոխում, ժամանակին մուծել բնակելի տարածության վարձակալության վճարը: Վարձակալը պարտավոր է վճարել կոմունալ ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է նաև բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը այն դեպքերում երբ`բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող մյուս քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին, իսկ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վարձատուի պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե`

1) վարձակալը պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը.

2) վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը:

Եթե բնակելի տարածության վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, բնակելի տարածությունն օգտագործում են դրա նշանակությանը անհամապատասխան կամ պարբերաբար խախտում են հարևանների իրավունքները և շահերը, վարձատուն իրավունք ունի վարձակալին նախազգուշացնելու խախտումները վերացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դատական կարգով լուծելու բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է լուծվել դատական կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել