Մոմավառություն «Հարսնաքար»-ում. «Վահե Ավետյանի ծնողների վիշտը մեր ազգի վիշտն է…». (Ֆոտոշարք և տեսանյութ)

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան 40-օրյակի կապակցությամբ այսօր «Հարսնաքար» ռեստորանի մոտ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ և քաղաքացիներ ռեստորանի մայթի երկայնքով մոմավառության արարողություն են անցկացրել:
Հավաքվածները պաստառներ էին պահել «Վահե Ավետյանի ծնողների վիշտը մեր ազգի վիշտն է…», «Չես մարսելու», «Նեմեց-մարդասպան» և այլ գրառումներով: Ակցիայի կազմակերպիչների կողմից մասնակիցներին բաժանվեցին մոմեր։ Տեղում են Երևան քաղաքի ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանները չթույլատրեցին, որ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ բողոքի ակցիա կայանա: Ավելի ուշ երթի մասնակիցները շարժվեցին և անցան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան կողքով:
Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը: Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Հուլիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել էր: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել էին վեց մարդ, այդ թվում` Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել