Ի՞նչ է քննարկվել Ազգային ժողվի արտահերթ նիստում

Մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
Շարունակվել է անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումը:
Պատգամավորները շարունակել են քննարկել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը: Խորհրդարանականները շարունակել են հարցերով դիմել հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն. պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արփինե Հովհաննիսյանը փաթեթի որոշ դրույթների լրամշակման եւ հստակեցման նպատակով ներկայացրել են առաջարկներ:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա անդրադարձել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծի դրույթներին եւ նշել, որ դրանցից շատերը հստակեցման կարիք ունեն եւ կարող են հնարավորություն տալ՝ անձնական տվյալները փոխանցելու երրորդ անձանց կամ երկրների: Խմբակցության ղեկավարն իրազեկել է, որ դեմ են քվեարկելու օրենսդրական փաթեթին, քանի որ որոշ մտահոգություններ ունեն՝ կապված անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործունեության եւ նրա կողմից անձնական տվյալների տնօրինման հետ:

Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը եւ հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել են առաջարկներին եւ մտահոգություններին, տվել պարզաբանումներ:
Քննարկվել են գերեզմանատներին եւ դիակիզարաններին վերաբերող հարցեր:

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է հստակեցնել գերեզմանատների եւ դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, հուղարկավորության կազմակերպման հիմնական սկզբունքներն ու պայմանները, ինչպես նաեւ՝ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման սկզբունքներն ու մոտեցումները:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է, տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ եւ աշխատանքային քննարկումներ. արդյունքում՝ բազմաթիվ սկզբունքային հարցեր լուծվել են, ներկայացվել է լրամշակված տարբերակ: Արաիկ Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ դեռեւս անելիքներ կան:

Քննարկվել է միջազգային համաձայնագիր
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել 1951 թ. հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ կանոնադրությամբ հիմնվել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովը, որի նպատակն է մասնավոր իրավունքի նորմերի զարգացումը, կոդիֆիկացումը, դրանց կատարման հարցում անդամ պետություններին աջակցության ցուցաբերումը, եւ Հայաստանը, ստանձնելով այդ պարտավորությունները, ստանում է արտոնություններ մասնավոր իրավունքի ոլորտում:

Հարակից զեկույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանն իրազեկել է, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Կառավարությունն առաջարկում է լրամշակել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը
Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել է, որ փոփոխությունների արդյունքում կապահովվեն «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիայի եւ միջազգայնորեն ամրագրված այլ իրավական ակտերի պահանջները, որոնք բացակայում են գործող օրենքից: Փոփոխության են ենթարկվել օրենքի շուրջ 11 հոդվածներ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարցի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Նիստի ավարտին պատգամավորները քվեարկությամբ ընդունել են օրվա ընթացքում քննարկված բոլոր օրինագծերը, վավերացրել՝ համաձայնագիրը:
Սպառելով արտահերթ նիստի օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է նիստի աշխատանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել