Ինչպե՞ս է կարգավորվում ոստիկանության և ցուցարարների փոխհարաբերությունը

2011 թվականի ապրիլի 14–ի «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի «ոստիկանության պարտականությունները հավաքի ընթացքում» վերտառությամբ 32–րդ հոդվածի համաձայն` ոստիկանությունը`

1. պարտավոր է հավաքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմնին,
2. պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին,
3. պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն,
4. պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

Այն դեպքում, եթե հավաքն անցկացվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։

Միևնույն օրենքի 33–րդ հոդվածի համաձայն` ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

2001 թվականի ապրիլի 16–ի ոստիկանության մասին ՀՀ օրենքի «ոստիկանության իրավունքները հասարակական պարտքը կատարելիս» վերտառությամբ 22–րդ հոդվածի 6–րդ կետի համաձայն` տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաև հավաքների և հանրային միջոցառումների անցկացման ժամանակ։ Միևնույն օրենքի 31–րդ հոդվածի համաձայն` առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները դադարեցնելու ժամանակ արգելվում է ոստիկանի կողմից հատուկ միջոցների գործադրումը` ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ, ջրանետեր և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, հատուկ ներկող նյութեր, ծառայողական շներ։

Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի համաձայն` ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։ Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ, հակառակ դեպքում նույն օրենքի համաձայն` ոստիկանությունը ցրում է հավաքը։ Միաժամանակ, ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և վերը շարադրված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին։

Նույն օրենքի համաձայն` որպես բացառություն հավաքների դադարեցման վերոնշյալ կարգից, ամրագրված է, որ այն չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հավաքի անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել