Ներկայացվեցին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի 2014թ. գնահատման արդյունքները

Մարտի 2-ից 6-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2014թ. փաստաթղթերի գնահատման նպատակով Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում մարտի 3-ին տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի 2014թ. գնահատման նախնական արդյունքները: Նշվեց այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին:

Տեղեկացնենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաև Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է ընթանում նաև Զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության և բարեվարքության ամրապնդման ոլորտներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պլանավորման և աղետների արձագանքման բնագավառում, «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել