ՎիվաՍել-ՄՏՍ-ի կոչը բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է «370» միջազգային տարածքային կոդով, տարբեր հեռախոսահամարներից ստացվող անցանկալի զանգերի մասին և իր բաժանորդներին հորդորում է հետ չզանգահարել վերը նշված տարածքային կոդը պարունակող անծանոթ հեռախոսահամարներին: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ընկերությունից:

Փոխանցվում է, որ «370» տարածքային կոդով ստացված զանգերի մեծ մասը կատարվել է գիշերային ժամերին՝ ավտոմատ կարգով բջջային համարներ հավաքող սարքավորումների միջոցով: Այնուհետև զանգը կասեցվել է՝ առաջացնելով զանգ ստացող բաժանորդի հետաքրքրությունը և նրան դրդելով հետադարձ զանգ կատարել: Տարածքային կոդի կիրառմամբ, «զանգ և կասեցում» սկզբունքով հեռախոսազանգերը կատարվել են 10 տարբեր հեռախոսահամարից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հորդորում է զերծ մնալ միջազգային անծանոթ հեռախոսահամարներից ստացվող զանգերին հետադարձ արձագանքելուց` անցանկալի զանգերից պաշտպանված լինելու և անցանկալի իրավիճակում չհայտնվելու համար: Միջագային տարածքային կոդով հեռախոսահամարներին ուղղված զանգերը հաշվարկվում են ըստ սահմանված միջազգային սակագների: Առհասարակ, անկախ հեռախոսահամարին նախորդող տարածքային կոդից` պետք է զերծ մնալ անծանոթ հեռախոսահամարից ստացված զանգին հետադարձ արձագանքելուց:

Հարցումներ ստանալով իր բաժանորդներից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացահայտել է զանգեր կատարող հեռախոսահամարները և արգելափակել է իր բաժանորդների կողմից տվյալ միջազգային կոդով համարների ուղղությամբ կատարվող ելքային զանգերը: Ի տարբերություն հեռախոսային խաբեության մյուս ձևերի, միջազգային տարածքային կոդով հեռախոսահամարից կատարվող զանգերի աղբյուրների վերահսկումն ու բացահայտումը բավականին բարդ է, ինչպես նաև՝ ժամանակատար: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը այսօրինակ գործընթացներ կազմակերպողներին հնարավորություն է ընձեռում զանգեր կատարել միջազգային տարածքային կոդով սկսվող տարբեր հեռախոսահամարներից, ինչը բարդացնում է անցանկալի զանգ կատարող հեռախոսահամարի արագ հայտնաբերումն ու համապատասխան վիճակագրական վերլուծության իրականացումը՝ այդ զանգի իրական նպատակը պարզելու համար: Իսկ հայտնաբերվելու և կասեցնելու դեպքում, անցանկալի զանգեր իրականացնողները, սովորաբար, սկսում են զանգեր կատարել հեռախոսահամարների մեկ այլ շարքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել