Կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ խորհուրդը իր անարդյունավետությամբ էապես չի տարբերվի նախորդից. ՀԵԻԱ անդամ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան շուրջ 3 տասնյակ առաջարկություն է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ ՀՀ 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության և խորհրդի վերաբերյալ, սակայն ընդունվել է միայն մեկը: Փոոխանցեց ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

«Այդ առաջարկությունները ձևավորվել են ոչ միայն ՀԵԻԱ-ի աշխատանքների ու հետազոտությունների արդյունքում, այլ նաև մարզերում և Երևանում անցկացված հանրային քննարկումների շրջանակներում: Այսինքն՝ այդ երեք տասնյակ առաջարկությունները հենց քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկություններն են»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ընդունված միակ առաջարկը վերաբերում էր կոռուպցիայի դեմ պայքարի մարմնում ՀԿ-ների մրցութային ընտրության սկզբունքի որդեգրմանը:

Հիշեցնենք՝ ՔՀԿ սեկտորի ներկայացուցիչները մշտապես բարձրաձայնել են երեք հիմնական առաջարկների մասին՝ ռազմավարությունում ընդգրկել սոցիալական ոլորտը, ներդնել ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը և ներկայիս ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի փոխարեն ստեղծել նոր անկախ մասնագիտացված հակակոռուպցիոն մարմին: Կառավարությունը դրանք առ այսօր չի ընդունել: Երրորդ առաջարկի մասով, նշենք, որ դեռևս 2004թ.-ին Հայաստանում ստեղծվել է համանուն խորհուրդ, որի գործունեության արդյունքները մեզ՝ բոլորիս հայտնի է: Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը պետք է լինի անկախ և օժտված լինի որոշումներ կայացնելու լիազորությամբ: Ներկայիս խորհուրդը անկախ չէ և որոշումներ կայացնելու իրավասություն չունի, իսկ խորհդակցական մարմինը, որը չունի որոշումներ կայացնելու իրավասություն, չի կարող արդյունավետ գործել: Այդ պատճառով, ներկայումս նույնպես մտավախություն ունենք, որ օրեր առաջ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը իր անարդյունավետությամբ էապես չի տարբերվի նախորդից:

Բացի այդ, Շուրջ 70 ՀԿ-ներից կազմված Հակակոռուպցիոն կոալիցիան նաև ապահովել կոռուպցիայի մասին բարձրաձայնող քաղաքացիների անվտանգությունը: Ըստ Հակակոռուպցիոն ռազմավարության ներկայիս նախագծի՝ օրենքով պետք է սահմանվի, որ կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացվող անձիք հավասարապես օգտվում է տուժողների, վկաների և փորձագետների համար քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հատուկ պաշտպանության միջոցներից, բացի այդ նախագծում սահմանվում է, որ իրավապահ մարմինների հետ կոռուպցիոն դեպքերում աջակից քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամ էլ ակնկալել համեմատաբար մեղմ պատժի հնարավորություն. «Մենք նաև առաջարկում ենք մշակել և զարգացնել տեղեկատվություն հայտնող անձանց մասին օրենք, որտեղ կխրախուսվեն ու կպաշտպանվեն այդ անձինք և ստանալով պետության կողմից համապատասխան երաշխիքներ կկարողանան կոռուպցիոն ռիսկեր ներկայացնող դեպքերի մասին տեղեկատվություն հայտնել, սա ևս կարևոր առաջարկ է, որը նույնպես մերժվել է: Այսինքն՝ ռազմավարության նախագծի մեջ դեռևս չկա նման դրույթ»,- հայտնեց Սյուզաննա Սողոմոնյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ