Իմաստ չունի այս խորհուրդում անտեղի ջանքեր թափել. Լևոն Բարսեղյանը` հակակոռուպցիոն խորհրդի մասին

Հայաստանը գտնվում է խորը կոռուպցիոն ճգնաժամի մեջ, որն այլ կերպ անվանվում է նաև պետության զավթման կոռուպցիա, և երկիրը այդ վիճակից դուրս բերելու համար պետք է հրամայական մանդատով հակակոռուպցիոն կառույց. Իրավաբան.netի հետ զրույցում նշեց Գյումրի քաղաքի ավագանու անդամ, «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

«Կոռուպցիայի հախից գալու համար մեզ պետք է ոչ թե խորհրդատվական կառույց, այլ մարմին, որը կոռուպցիայի դեպքում հրամայական միջամտություն անելու լիազորություն կունենա: Այդ մարմինը պետք է լինի միայն իշխանության ներկայացուցիչներից բաղկացած, բայց պիտի լինի անկախ»,- ասաց Լ. Բարսեղյանի խոսքով, փորձագետների եզրակացության և համապատասխան չափանիշների հիմքով պետք է կառույցը ստեղծվի և համալրվի:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների` նման մարմնի կազմում լինելուն, ապա, Լ. Բարսեղյանի խոսքով, նրանք հիմնական կազմում չպետք է լինեն և նրանց խոսքը պիտի խորհրդատվական բնույթի լինի և ոչ որոշիչ:

«Իսկ ստեղծված այս կառույցը հրամայական մանդատ չունի և նախատեսվում է, որ նրանց անդամացկելու են հասարակական կազմակերպություններ: Այս խորհուրդը չի կարող հաղթահարել կոռուպցիոն ճգնաժամը, կարող է տարիներ շարունակ աշխատել  այս ֆորմատով, բայց մենք չենք ունենա կոռուպցիայի ցուցանիշների նվազում, մեր ցուցիչը չի փոխվելու, եթե չվատանա»,- ասաց Լևոն Բարսեղյանի խոսքով, այս դեպքում եթե նույնիսկ լավագույն մասնագետներն էլ ընդգրկված լինեն խորհդում, ապա էական ոչինչ չի փոխվի:

Նա  օրինակ է բերում այն, որ եթե խորհուրդը խորհրդատվություն տա, որ պետք է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այլևս պետական պաշտոն չզբաղեցնի, ապա հասկանալի է, որ իշխանությունը չի ընդունի այդ խորհրդատվությունը:

Նշենք, որ կառավարության որոշմամբ նորաստեղծ հակակոռուպցիոն խորհուրդը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդամակցում են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, և այլք: Ինչ վերաբերում է այս անձերին, ապա Լևոն Բարսեղյանը նշեց. «Եթե ունեն վարկաբեկված հեղինակություն, հանրային լայն ընկալման մեջ համարվում են կոռուպցիոներներ, իհարկե, այս մարդիկ անկարող են  որակյալ ազդեցություն ունենալ կոռուպցիայի նվազման վրա: Իմաստ չունի այս խորհուրդում գնալ, անտեղի ջանքեր թափել»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ