Հայոց ցեղասպանության հարցով դարձյալ հետաքրքրվելու ժամանակն եկավ

Թուրքական Taraf պարբերականի հոդվածագիր Էվրիմ Բունն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, դրա վերաբերյալ ԱՄՆ-ում դարձյալ սկսված քննարկումներին, և դրանց հավանական ազդեցությանը թուրք-ամերիկյան, ինչպես նաև՝ հայ թուրքական հարաբերությունների վրա:

Հոդվածը ներկայացնվում է կրճատումներով.

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամեն տարի պատրաստվող և Կոնգրեսին ներկայացվող օրինագծի ընդունվել-չընդունվելու հարցը դարձյալ ծանր-ծանր մոտենում է մեզ: Ամեն տարի Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար Սպիտակ տունը հայտարարությամբ է հանդես գալիս, սակայն մինչ այդ հայտարարությունը Վաշինգտոնում լրագրողները նյարդայնանում են:

Իմ սիրելի եղբայր, ընկեր, հանգուցյալ Ումիթ Էնգինսոյը միշտ ասում էր. «Տե՛ր Աստված, «ցեղասպանություն» թող ասի՝ այդ հարցից ազատվենք»: Սակայն շատ հայրենասեր Ումիթը, իհարկե, մտածում էր թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին:

Կարճ ասած՝ Հայոց ցեղասպանության հարցով դարձյալ հետաքրքրվելու ժամանակն եկավ: Թուրք-ամերիկյան հարաբերությունները զարգացնել ուզող խմբերն սկսեցին ամենամյա այցերը Կոնգրես: Ակնկալվում է, որ բանաձև կներկայացվի:

Նման բանաձևի ընդունումն ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից կամ Սպիտակ տան կողմից «ցեղասպանություն» եզրույթը գործածելը չի բխում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԱՄՆ-ի շահերից:

Ամերիկացի պաշտոնյաներին հասկանում եմ: Թուրքիան այլևս առաջվանը չէ: Ճանաչումից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ԱՄՆ-ի նկատմամբ կամ մոտեցումը1915-ի դեպքերի առնչությամբ դրական չի լինելու:

Թուրքիայի առաջնորդները նման քայլի՝ Ցեղասպանության ճանաչման կամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ կանեն միայն, եթե ներսից լինի նման պահանջ: Երրորդ երկրների միջամտությունը թե՛ Թուրքիայի իշխանությունների, թե՛ ժողովրդի կողմից լավ չի ընդունվի:

Քրդական հարցը դրա ամենալավ օրինակն է: 15 տարի առաջ այն բառերը, որոնք վախենում էինք արտաբերել, օրինակ՝ Քուրդիստան, Օջալան, քրդերենով կրթություն, քրդական հեռուստատեսություն, այսօր առօրյա խոսակցական են դարձել:

Առաջ եթե մեկը պարոն Օջալան կամ պարոն Աբդուլլահ ասեր, քաղաքական և մասնագիտական կարիերային վերջ կտրվեր: Սակայն այսօր ժողովուրդը հանգիստ կարող է փողոց դուրս գալ և պահանջել ազատ արձակել նրան:

Մի երկու տարի առաջ Հայոց ցեղասպանություն ասելուց առաջ պետք էր անպայման ասել «այսպես կոչված» (չգիտեմ, արդյոք դեռ այդպե՞ս է): Այս տողերը գրելիս մտածում եմ, թե ժողովուրդն ինչ է ասելու:

Ով ինչ կուզի, թող ասի, թուրք ժողովրդի մոտ վերջին 10 տարում ձևավորված ժողովրդավարական գիտակցությունը շարունակելու է աճել:

Հանրությունների միջև համաձայնության գալու համար առողջ քննարկումներ են սկսվելու: Դրա համար ոչ թե սփյուռքը, խմբավորումները պետք է պատրաստ լինեն, այլ ազգերը: Խելամիտ գործիչներն ահա այս գաղափարը պաշտպանելով պետք է առաջ շարժվեն:

Ով ինչ կուզի, թող ասի, Թուրքիան Ամերիկայի համար դեռ կարևոր երկիր է: Եթե նրան այլընտրանք լիներ՝ Սառը պատերազմից հետո ի հայտ կգար:

Ամերիկան պետք է Թուրքիայի վերջին 15 տարվա փոփոխությունները լավ ուսումնասիրի: Թուրք ժողովրդի խելքին ու խղճին պետք է հավատա: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ապրիլի  24-ի ուղերձն  ուշադրության արժանացնի: Այդ մեսիջը գուցե մի ազգի համար փոքր քայլ էր, սակայն մարդկության համար կարևոր էր:

Թողնենք թուրք և հայ ժողովուրդներն իրենց միջև եղած եղբայրական կապերը նորից բացահայտեն: Ինչպես Արտո Թունջբոյաջյանն է ասում. «մի եղբայր ունեմ, աշխարհում նմանը չկա…»:

Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել