Կառավարությունը ԱԺ պատգամավորներին առաջարկեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն չնախաձեռնել

ՀՀ կառավարության այսօրվա նիստին ներկայացվեց գործադիրի եզրակացությունը Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Զուրաբյանի և Ռուբիկ Հակոբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ պատգամավորները առաջարկում են ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը՝ սահմանելով, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով հարկ վճարողը իրավունք ունի ընտրել հարկի 3.5 տոկոս դրույքաչափի համակարգը և ազատվել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջից կամ ընտրել հարկի 1 տոկոս դրույքաչափի համակարգը` պարտավորվելով պահպանել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջը, ինչպես նաև շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն ՀՀ դրամից բարձրացնել մինչև 100 մլն ՀՀ դրամ:

Արմեն Ալավերդյանը հավելեց, որ կառավարությունը ԱԺ է ներկայացրել սեփական օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113,4 մլն դրամ և ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ: Ուստի կառավարությունը պատգամավորներին առաջարկեց ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված կառավարության նախագծերի փաթեթի քննարկումների շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել