Դատարանի դիմաց կրակոցներ արձակած երիտասարդը հրաժարվեց պաշտպանից

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Կյուրեղյանի գործով դատաքննության հերթական նիստը:

Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալի պաշտպանը՝ Անժելա Հակոբսյանը հայտարարեց, որ Հայկ Կյուրեղյանը նամակ է գրել` ուղղված դատարանին: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է սանկցիա, դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար (Հայկ Կյուրեղյանը հրաժարվում էր դատարանում ոտքի կանգնել) ամբաստանյալին 10 ժամով արգելել էր մասնակցել նիստերին:

Այսօր դատարանում հրապարակված նամակի միջոցով ամբաստանյալը հրաժարվում էր հանրային պաշտպանի ծառայությունից: Անժելա Հակոբսյանը, հրապարակելով նամակը, նշեց, որ հրաժարվում է դատարանում ստանձնել Հայկ Կյուրեղյանի պաշտպանությունը: Այս հայտարարությունից հետո նիստերի դահլիճում մի քանի քաղաքացիներ ծափահարեցին, դատավոր նրանց հեռացրեց դահլիճից:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով փետրվարի 27-ին: Դատավորը հայտարարեց, որ Հայկ Կյուրեղյանի ներկայությունը պարտադիր է լինելու:

Հիշեցնենք` ամբաստանյալը 2014թ. հուլիսի 12-ին կրակոցներ էր արձակել նույն դատարանի շենքի դիմաց: Այդ ժամանակ դատարանում ընթանում էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստը: Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր տարածքում կայանած մեքենայի վրա, աղաղակել և «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ:

Գայանե Գևորգյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել