Նորություններ

Անմեղության կանխավարկածը համատարած խախտվում է. փաստաբան

«Անմեղության կանխավարկած» հասկացությունն այսօր Հայաստանում ոչ բոլորին է հասկանալի: Վստահեցնում է փաստաբան Լիանա Բալյանը` հավելելով, որ մեր երկրում անմեղության կանխավարկածի սկզբունքը ոտնահարվում է բոլոր փուլերում՝ անձի ձերբակալման պահից մինչև նրա նկատմամբ դատավճռի հրապարակումն ու դրա օրենքի ուժ ստանալը:

Խնդիրը լուծելու համար նա առաջարկում է` սկսել լրատվամիջոցներից. «Թերթերը, «02» կամ «Սուր անկյուն» հաղորդաշարերը և այլն, այս բոլորը պետք է ընդհանրապես չհրապարակեն մարդու անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, նկարներ, բնակության վայր: Միայն հաղորդեն հանցագործության դեպքի մասին: Եթե անձը կդատապարտվի, կհամարվի մեղավոր, դատավճիռը կմտնի օրինական ուժի մեջ, այդ ժամանակ նոր, եթե ցանկանում են շոու ստեղծել՝ ժողովրդին ներկայացնելու համար, թող ստեղծեն դատական ալիք և ամբողջությամբ դեպքը ներկայացնեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Փաստաբանն առաջնորդվում է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածով, որով ամրագրված է. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Տիկին Բալյանի փոխանցմամբ` նախաքննության ընթացքում քննիչները պետք է հավասարության սկզբունքը պահպանեն՝ միաժամանակ հավաքելով և՛ պաշտպանական, և՛ անցի մեղքը հիմնավորող ապացույցներ, սակայն, շատ հաճախ, ըստ փաստաբանի, հենց քննիչներն են մոռանում նախաքննության գաղտնիության պահպանման սկզբունքի մասին, և ԶԼՄ-ներին են հանձնում ողջ մեղադրական տեքստը կամ էլ գործի համար կարևոր փաստեր: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ այս ամենը հաճախ հասնում է նրան, որ անձին անվանում են հանցագործ, առանց ձեռքի տակ դատարանի համապատասխան դատավճիռ ունենալու, այսինքն՝ խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Ըստ փաստաբան Լիանա Բալյանի՝ եթե նախաքննության փուլում հրապարակվում են մեղադրականները, ապա տվյալ պարագայում խնդիրներ են առաջացնում դատավորների աշխատանքի ընթացքում. «Հայաստանում քիչ են շատ խիզախ դատավորները, ովքեր կարող են դիմակայել հասարակական այդպիսի ճնշմումների, և հարկ եղած դեպքում մեղադրվողին ամնեղ ճանաչել»,- համոզմունք հայտնեց փաստաբանը:
Լիանա Բալյանը եզրափակելով նշեց, որ անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը այդ սկզբունքին ծանոթ լինելն է, սակայն շատերը ծանոթ լինելով` կատարում են իրենց «սև գործը»:

Գայանե Գևորգյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել