Կոռուպցիայի կանխարգելումը Ֆրանսիայում

Ֆրանսիայում կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով 1993թ. հունվարին օրենքով սահմանված կարգով` արդարադատության նախարարին կից ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման կենտրոնական ծառայությունը (The Central Service for the Prevention of Corruption (SCPC))՝ որպես միջգերատեսչական կառույց: Այն ղեկավարվում է արդարադատության ոլորտում ծառայող դատավորի կողմից: Կառույցում ընդգրկված են դատավորներ որոշ մասնագիտացված դատարաններից և տարբեր նախարարությունների քաղաքացիական ծառայողներ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ֆրանսիայի արդարադատության նախարարության կայքից:

1993թ. ընդունված օրենքի համաձայն` կառույցն ունի երկու հիմնական առաքելություն՝

1. Մի տեղում կենտրոնացնել և մշակել կոռուպցիայի դեպքերի հայտնաբերմանը և կանխարգելմանը վերաբերող տեղեկատվությունը:

Այս իմաստով, կառույցը համագործակցում է բոլոր նախարարությունների և կոռուպցիայի դեմ պայքարում շահագրգիռ  դերակատարների հետ:

Ստացված տեղեկությունները հրապարակային ե և հասանելի են դառնում ոչ միայն վարչապետին և արդարադատության նախարարին, այլ նաև հասարակությանը: Դրանք կարող են ներառել նաև կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված բարեփոխումների առաջարկներ, որոնք ներկայացվում են կառավարությանը:

2. Ապահովել աջակցություն արդարադատության և այլ ոլորտների աշխատակիցներին:

1993թ. օրենքը նախատեսում է, որ քաղաքացիական ծառայողները կարող են դիմել կառույցին՝ որոշակի հարցերի շուրջ կարծիք արտահայտելու խնդրանքով: Տվյալ պարագայում կառույցն աջակցում է նաև դատական ոլորտի այն պաշտոնատար անձանց, որոնց անվան հետ կապվում են կոռուպցիոն սկանդալներ կամ նման այլ հանցագործություններ:

Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման կենտրոնական ծառայությունը իր գործունեությունն ուղղում է երկու հիմնական ոլորտներ՝

1. Կոռուպցիայի կանխարգելման շուրջ դասընթացների իրականացում և հարցի նկատմամբ հետևողական վերաբերմունքի ձևավորում:

2. Միջազգային համագործակցություն:

Ստեղծման օրից սկսած, կառույցը բազմատիվ պայմանագրեր է կնքել կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպությունների հետ և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային մեխանիզմների ձևավորման ոլորտում առաջատար դերակատարում ունի:

Պատրաստեց՝ Մարինե Մկրտչյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել